ԼՂՀ կառավարությունը ներկայացրել է 2008 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին ԼՂՀ Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց ԼՂՀ 2008թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որով եւ մեկնարկեցին փաստաթղթի նախնական քննարկումները:



Միջոցառմանը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ:



Գործադիրի լիազորմամբ հանդես գալով բյուջեի կատարողականի վերաբերյալ հաղորդմամբ` փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը հանգամանալի ներկայացրեց հաշվետու տարում հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ու ոլորտներում արձանագրված ցուցանիշները, նշեց առաջընթացի եւ զարգացման միտումները:



2008թ. ձեւավորված ֆինանսատնտեսական իրավիճակի, ինչպես եւ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ֆինանսատնտեսական առաջընթացի միտումների վերաբերյալ ամփոփ հաղորդմամբ ներկաների առջեւ հանդես եկավ նաեւ կառավարության ղեկավարը` ի պատասխան նիստի մասնակիցների հարցերի պարզաբանելով երկրի կենսագործունեության առանձին ոլորտների առնչվող խնդիրներ:



Նիստի ավարտին խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ 2008թ. պետական բյուջեի կատարողականի խոհրդարանական քննարկումները կշարունակվեն ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ պատգամավորական խումբ-խմբակցություններում` համաձայն նախապես մշակված եւ հաստատված ժամանակացույցի, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---