Ղարամյան․ «Չկռվող» արցախցիների մի մասը հերոսաբար զոհվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ անհավասար մարտում

Ղարամյան․ «Չկռվող» արցախցիների մի մասը հերոսաբար զոհվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ անհավասար մարտում

PanARMENIAN.Net - Արցախի Հերոս, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանիn, մի խումբ «չկռվող» արցախցիների լուսանկար է հրապարակել` 2022–ի սեպտեմբերին «հայտնի առողջարանային քաղաքում», որոնց մի մասը հետո զոհվել է 2023–ի սեպտեմբերի 19-ին անհավասար մարտում։

Ավելի վաղ Սիմոնյանը, պատասխանելով ացրախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել է․ «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։

«2022 թվականի սեպտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակ, մի խումբ «չկռվող» արցախցիներ հայտնի առողջարանային քաղաքում...

Հ.Գ. Տղաների մի մասը հերոսաբար զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին անհավասար մարտում՝ թշնամուն պատճառելով զինտեխնիկայի և մարդկային մեծաքանակ կորուստներ:

1000 փառք Ձեզ՝ մեր հերոս նահատակներ...

Հ.Գ.1. Ի դեպ այս «չկռվող» տղաներից՝ 2015 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակում 150-ից ավելի , այլ «չկռվող» արցախցիների հետ սրտի ու հոգու կանչով մեկնել էին հյուսիս-արևելյան սահման մարտական առաջադրանքներ կատարելու, իսկ 2020 թվականի հուլիսյան դեպքերին հաջորդած ժամանակահատվածում կատարել են մարտական և ռազմական առաջադրանքներ ....»,–ասվում է գրառման մեջ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջել է Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել բռնի տեղահանված արցախցիներից և ձեռնպահ մնալ արցախահայության պայքարը և հայրենիքի պաշտպանությունը նսեմացնող որևէ գնահատականից:

Դատախազությունը վարույթ չի նախաձեռնել արցախցիների նկատմամբ «ատելություն, խտրականություն տարածելու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերի վերաբերյալ»:

 Ուշագրավ
---