Միքայել Մինասյանի գործով 2 մեղադրյալի քրեական վարույթը փոխանցվել է դատարան

Միքայել Մինասյանի գործով 2 մեղադրյալի քրեական վարույթը փոխանցվել է դատարան

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին դատախազը իրավասու դատարան է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Մ.Մ.-ի (խմբ․Միքայել Մինասյան) կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, փողերի լվացում կատարելու, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելու մեջ մեղադրվող Վ.Ս.-ի և Ա.Պ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Հաստատվել է, որ Մ.Մ.-ն, Լ.Ա.-ն Ա.Պ.-ի, Ա.Հ.-ի և Վ.Ս.-ի հետ, Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող «Շին Տավր» ՍՊ ընկերության (2018 թվականի մայիսի 23-ից՝ «Երևան Մոլ» ՍՊ ընկերություն) բաժնեմասերը ձեռք բերելու նպատակով, փաստացի իրենց պատկանող՝ արտերկրում գրանցված կազմակերպությունների միջև 2013 և 2014 թթ․ կնքել են ձևական վարկային պայմանագրեր: Պայմանագրերի հիման վրա՝ նույն թվականներին վերոնշյալ կազմակերպություններից մեկի բանկային հաշվից հանցավոր ծագում ունեցող` ընդհանուր 3 միլիոն 700 հազար եվրո փոխանցվել է մյուս կազմակերպության բանկային հաշվին:

Վերոնշյալ գումարից 3 միլիոն 620 հազար եվրոն փոխանցվել է Մ.Մ.-ին և Լ.Ա.-ին փաստացի պատկանող՝ արտերկրում գրանցված «MLRE LTD» ընկերության հաշվին, որի անունից որպես լիազորված անձ հանդես է եկել Ա.Պ.-ն: Բացի այդ, Մ.Մ.-ին փաստացի պատկանող ոչ ռեզիդենտ մեկ այլ կազմակերպության հաշվից 2013 թվականի մայիսի 6-ին կանխիկացված 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դոլարից 1 միլիոն ԱՄՆ դոլարը նույն օրը մուտքագրվել է «MLRE LTD» ընկերության հաշվին: Այնուհետև, ոչ ռեզիդենտ մեկ այլ կազմակերպությունից 2013 թվականի հունիսի 5-ին և 6-ին «MLRE LTD» ընկերության հաշվին փոխանցվել է ընդհանուր 3 միլիոն 50 հազար եվրո, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 11-ին ոչ ռեզիդենտ մեկ այլ կազմակերպությունից՝ 1 միլիոն 764 հազար 965 ԱՄՆ դոլար: «MLRE LTD» ընկերության հաշվին փոխանցված գումարները միախառնվել են ընկերության հաշվին եղած՝ հանցավոր ծագում ունեցող գումարներին, որից հետո «MLRE LTD» ընկերության կողմից՝ ի դեմս Ա.Պ.-ի, 2013 թվականի հունիսի 21-ից մինչև 2014 թվականի հունվարի 29-ն ընկած ժամանակահատվածում «Շին Տավր» ՍՊ ընկերության հաշվին փոխանցվել է 3 միլիարդ 124 միլիոն 800 հազար ՀՀ դրամ՝ «կանոնադրական կապիտալի ներդրում» նպատակով:

Արդյունքում՝ «MLRE LTD» ընկերությունը դարձել է «Շին Տավր» ՍՊ ընկերության բաժնետեր՝ 30 տոկոսի չափով: Միաժամանակ, 2013 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած՝ «Շին Տավր» ՍՊ ընկերության մասնակիցների ժողովի ընթացքում Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի մտերիմ, վերջիններիս պատկանող մի շարք ընկերությունների աշխատակից և հանցավոր կազմակերպության մասնակից Վ.Ս.-ն նշանակվել է ընկերության տնօրեն:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2019-ին բաժնեմասերի պատկանելությունը թաքցնելու նպատակով «MLRE LTD»-ն և Վ.Ս.-ն կնքել են ձևական պայմանագիր, որով «Երևան Մոլ»-ի 30 տոկոս բաժնեմասը 3 միլիարդ 200 միլիոն դրամով փոխանցվել է Վ.Ս.-ին՝ օրինական տեսք տալով հանցավոր ծագում ունեցող գումարներին։

Նախաքննությունը նաև պարզել է, որ Մ.Մ.-ն, Լ.Ա.-ն, Ա.Պ.-ն և այլ անձինք հանցավոր կազմակերպության կազմում, տարբեր ընկերությունների ղեկավարների հետ համագործակցելով, ապօրինի ֆինանսական գործարքներ են իրականացրել։ Արդյունքում, ՀՀ–ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս՝ 1 միլիարդ 504 միլիոն 382 հազար դրամի չվճարված հարկերի տեսքով։

Վերջին հաշվարկներով, 2013-2018 թվականներին ապօրինի գործունեության արդյունքում ստացված շուրջ 6 միլիարդ 103 միլիոն դրամը, 12 միլիոն 795 հազար ԱՄՆ դոլարը, 952 միլիոն 281 հազար ռուսական ռուբլին և 1700 եվրոն հիմնականում կանխիկացվել են, իսկ դրանց մի մասը ներդրվել է տարբեր ընկերությունների ֆինանսական շրջանառության մեջ։

Դատախազությունը հաստատել է Վ.Ս.-ի և Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և գործի նյութերը փոխանցել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Ծանուցում․ Քրեական գործով մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Ուշագրավ
---