Քոչարյան․ Որոշեցի վարչապետին իր ընտրազանգվածի հետ մենակ թողնել

Քոչարյան․ Որոշեցի վարչապետին իր ընտրազանգվածի հետ մենակ թողնել

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում խոսել է այն պատճառների մասին, որոնց հետևանքով վերջին երեք տարիներին հրապարակային ելույթներ չի ունեցել։

Նա նշել է, որ պատճառներից մեկը եղել է այն, որ ցանկացել է վարչապետին մենակ թողնել իր ընտրազանգվածի հետ։

«Մամուլում հաճախ կարծիք էր արտահայտվում, որ իմ ակտիվությունը, մամուլի ասուլիսները, «իմ գոյությունը» խանգարում է ինչ-որ մարդկանց կայանալ քաղաքական դաշտում, ես համաձայն չէի այդ թեզի հետ, սակայն համաձայնեցի մարդկանց այդ հնարավորությունը տալ»,- նշել է Քոչարյանը, հայտնում է Auroranews.am-ը։

Նրա խոսքով՝ չնայած իր լռությանը, իր մասին շարունակ խոսում էին, այդ թվում նաև նրանք, ովքեր չէին ցանկանում, որ նա հանդես գա հրապարակային հայտարարություններով։

«Բայց ի՞նչ եղավ։ Ես չէի խոսում, բայց իմ մասին խոսում էին, նույնիսկ իմ ստվերի մասին էին բավականին հաճախ խոսում և հիմնականում խոսում էին նրանք, ովքեր ցանկանում էին, որ ես չխոսեմ։ Ունենք այն, ինչ ունենք և այսօր, չնայած իմ բոլոր ջանքերին, կա մի մեծ զանգված, որը սպասում է իմ խոսքին։ Սա էր առաջին պատճառը, որ պասիվություն էի դրսևորում։

Իսկ երկրորդ պատճառն այն էր, որ մտածեցի՝ միգուցե ճիշտ է, որ վարչապետին մենակ թողնեմ իր ընտրազանգվածի հետ։ Մտածեցի միգուցե օգտակար կլինի, որ ինքը բացատրի 600 հազար «վարչապետներին», թե ինչու է իրենց կյանքը վատանում, ինչու է կառավարությունն անխնա մտնում իրենց գրպանները, ինչու են իրենք դարձել տուգանքի մատերիալ, ինչու է կառավարությունը խրվել կոռուպցիայի մեջ, ինչու է աղքատությունն իրենց գլուխներում, իսկ ՔՊ-ականների հարստությունը՝ իրենց սեյֆերում»,- ասել է Քոչարյանը։

 Ուշագրավ
---