Սիրանուշ Սահակյան. Բաքվում ընթացող հայերի դատավարությունը դատաստան է, ոչ արդարադատություն![]() 19 փետրվարի 2025 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով Բաքվում շարունակվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, որն անցնում է փակ դռների հետևում և միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցների ներկայությամբ, ասել է, որ հայ ռազմագերիների նկատմամբ առաջադրված մեղադրանքները շինծու են, իսկ Բաքվում ընթացող դատավարությունները չեն համապատասխանում արդարադատության սկզբունքներին։ «Հայերի դատավարություններում մենք տեսնում ենք հենց դատարանների կողմից իմիտացիոն պրոցեսներ, դատաստանի գործընթաց, սակայն ոչ արդարադատություն», - ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ պահանջելով առանձնազրույց իր փաստաբանի հետ։ Դատարանը համաձայնել էր, սակայն ընդմիջումից հետո Վարդանյանն ու իր պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որը դատավորը չի էլ քննել։ Դեռևս առաջին նիստի նախօրեին ընտանիքի միջոցով տեղեկացրել էր, որ Բաքվում իր նկատմամբ կիրառվում են ճնշումներ, իսկ մեղադրանքները հորինված են։ Նա մերժել էր Ադրբեջանի կողմից տրամադրված հանրային պաշտպանի ծառայությունները՝ դառնալով միակ հայ գերին, որը մասնավոր փաստաբան ունի՝ Ավրաամ Բերմանը։ Այնուամենայնիվ, Սահակյանի խոսքով, փաստաբանի անկախությունը հարաբերական է։ «Եթե չափազանց անկախ և համարձակ գործունեություն իրականացնեն մասնավոր փաստաբանները, ապա կարող են զրկվել պետական ռեպրեսիաների արդյունքում փաստաբանական գործունեություն իրականացնելու հնարավորությունից: Կան դեպքեր, որ անգամ քրեական հետապնդումներ են նախաձեռնվել», - շեշտել է իրավապաշտպանը։ Ռուբեն Վարդանյանը՝ գործարար և բարերար, Արցախ էր տեղափոխվել 44-օրյա պատերազմից երկու տարի անց և պաշտոնավարել ընդամենը երեք ամիս։ Չնայած նրան, որ ոչ Արցախում, ոչ էլ Հայաստանում ռազմական գործողությունների չի մասնակցել, նրա դեմ առաջադրված մեղադրանքները ներառում են ռազմական հանցագործություններ։ Ինչպես մյուս հայ գերիների գործերում, այնպես էլ Վարդանյանի մեղադրանքներում ներառվել են նաև Հայաստանի դեմ ուղղված ծանր հոդվածներ՝ այդ թվում 2022-ի սեպտեմբերյան բախումների հետ կապված։ Մինչդեռ հայտնի է, որ հենց Ադրբեջանն էր 2022-ի սեպտեմբերին հարձակվել Հայաստանի վրա՝ զավթելով սուվերեն տարածքներ։ Այդ երկօրյա մարտերի հետևանքով զոհվել էին ավելի քան 200 հայ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ։ «Այս անձինք սիմվոլիկ են և ենթարկվում են անձնական վրեժխնդրության, սակայն Ադրբեջանի վերջնանպատակը Արցախի ինքնորոշման իրավունքը դատել և դատապարտելն է», - ասել է Սիրանուշ Սահակյանը։ Իրավունքի մասնագետների գնահատմամբ՝ Բաքուն ձգտում է Հայաստանի ներգրավմամբ այս գործերի միջոցով միջազգային ատյաններում կասեցնել արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցը։ Մեղադրական դատավճիռներով Ադրբեջանը փորձելու է Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր, որը «զավթել է Արցախը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս չէր բացառել, որ Բաքվում պահվող հայերին կարող են հարկադրել ցուցմունքներ տալ, որոնք հետագայում կօգտագործվեն Հայաստանի դեմ։ Նա Բաքվի դատավարությունը որակել էր որպես թատերականացված գործընթաց։ Իրավապաշտպան Սահակյանի կարծիքով, Հայաստանի կառավարությունը խուսափում է ակտիվ քայլերից, նույնիսկ հումանիտար հարցերում, և չի դիմակայում Ադրբեջանի հեռահար նպատակներին միջազգային քաղաքական և դիվանագիտական հարթակներում։ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը շարունակվելու է փետրվարի 25-ին, իսկ Արցախի նախկին ղեկավարներինը՝ փետրվարի 20–ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |