Առանց վիզային ռեժիմի համաձայնագրի նախագիծ՝ Դոմինիկանայի հետ

Առանց վիզային ռեժիմի համաձայնագրի նախագիծ՝ Դոմինիկանայի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Դոմինիկանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելայի հետ հանդիպմանը (նստավայրըч Մոսկվա), առանց վիզային ռեժիմի համաձայնագրի նախագիծ է ներկայացրել։

Արշակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նրա փորձն ու գործունեությունը կնպաստեն Հայաստանի և Դոմինիկանայի միջև հարաբերությունների զարգացմանը։

«Հայաստանը շահագրգիռ է Դոմինիկանայի հետ բարեկամական ու փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, եւ դրանով է պայմանավորված, մասնավորապես, այն հանգամանքը, որ Կանադայում ՀՀ դեսպանը 2021 թվականից հավատարմագրված է նաեւ Դոմինիկանայի Հանրապետությունում»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը։

Արշակյանը կարևորել է 2022 թվականին Երևանում Դոմինիկանայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը՝ նշելով, որ դա էական քայլ է երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ։ Հայկական կողմը նույնպես նախատեսում է Սանտո Դոմինգոյում բացել պատվավոր հյուպատոսի գրասենյակ։

Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 17 տարիների ընթացքում բարձր մակարդակի փոխայցեր չեն եղել։ Այս համատեքստում Արշակյանը նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունն ամեն տարի ավելի մեծ կարևորություն է ստանում։

ԱԺ փոխնախագահը խոսել է նաև կրթության, զբոսաշրջության և առևտրատնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտության մասին։

Դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելան իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել բարեկամական խմբերի ձևավորման ուղղությամբ։ Դեսպանը նշել է, որ չնայած Հայաստանի և Դոմինիկանայի միջև մեծ աշխարհագրական հեռավորությանը, երկու երկրները տարբեր ոլորտներում համագործակցություն զարգացնելու մեծ ներուժ ունեն։

 Ուշագրավ
---