Հունանյան․ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության դրույթների իրականացումը կբարձրացնի ՀՀ անվտանգությունը

Հունանյան․ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության դրույթների իրականացումը կբարձրացնի ՀՀ անվտանգությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթի բոլոր դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի ընդհանուր անվտանգության և դիմադրողականության էական բարձրացմանը։ Նման կարծիք է հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Հունանյանը։

2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությանը։

Նա մանրամասն ներկայացրել է այդ փաստաթղթի կարևորությունը Երևանի համար՝ ընդգծելով, որ այն ամրագրում է երկու պետությունների հարաբերությունների զարգացման միասնական տեսլականը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ռազմավարական շահերի վրա, հայտնում է Արմենպրեսը։

Հունանյանը պարզաբանել է, որ սա հատուկ գործողությունների ծրագիր չէ, այլ ռազմավարական բնույթի շրջանակային համաձայնագիր, որը ներառում է տարբեր բաժիններ՝ սահմանելով համագործակցության այն ուղղությունները, որոնք կողմերը նպատակ ունեն զարգացնել։ Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել Ռազմավարական գործընկերության կանոնադրության հանձնաժողով, որի շրջանակում Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտոնյաները պարբերաբար հանդիպումներ կունենան՝ քննարկելով նախաձեռնություններ, ծրագրեր և նոր համաձայնագրեր։

Նա կարևորել է «Գործընկերության սկզբունքները» բաժինը, որտեղ ամրագրվում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հիմքը կազմում են ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքները։ Բացի այդ, ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ սահմանազատման հարցերին, որոնք հիմնված են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա։

«Մեկ այլ կարևոր կետ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա։ Բացի այդ, ԱՄՆ-ն հստակ աջակցություն է հայտնում Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ինչը նույնպես էական նշանակություն ունի։

Այս փաստաթղթում ընդգրկված են նաև տնտեսական, էներգետիկ, հաղորդակցության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությունները, որոնք հետագայում պետք է զարգացվեն համատեղ ջանքերով»,–ասել է նա։

Կանոնադրությունը ներառում է նաև դրույթներ տնտեսության ոլորտում համագործակցությունը խորացնելու մասին։

«Մասնավորապես, կողմերը նախատեսում են ուսումնասիրել առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Սա կարող է տեղի ունենալ ինչպես նորաստեղծ հանձնաժողովի, այնպես էլ Հայաստանի և ԱՄՆ-ի առևտրի ու ներդրումների խորհրդի շրջանակում, որը գործում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ։

Հատուկ ուշադրության է արժանանում վերահսկվող տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնումը։ Կանոնադրության համաձայն՝ կողմերը մտադիր են երկխոսություն սկսել, որպեսզի հայկական վստահելի ընկերությունները հնարավորություն ստանան օգտվելու ԱՄՆ առևտրի քարտուղարության կողմից վերահսկվող տեխնոլոգիաներից»,–ասել է նա։

Հունանյանը նշել է, որ պարենային անվտանգության ոլորտը ևս առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն կարևոր է ինչպես տնտեսական կայունության, այնպես էլ դիմադրողականության տեսանկյունից։

«Փաստաթղթում առանձին գլուխ է հատկացված պաշտպանության և անվտանգության հարցերին։ Այս հատվածում նշված են երկկողմ համագործակցության ընդլայնման բազմաթիվ դրույթներ, որոնք ներառում են պաշտպանության գերատեսչությունների միջև երկխոսության անցկացում, ռազմական ուսուցման ծավալների ընդլայնում, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցություն, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքար։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ դաշինքին, ինչը ևս կարևոր քայլ է մեր ռազմավարական գործընկերության շրջանակում։

Հատուկ ուշադրություն է դարձվում կիբեռանվտանգությանը, որը գնալով ավելի մեծ նշանակություն է ստանում։ Մենք արդեն իսկ ակտիվ համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ՝ վերահսկվող տեխնոլոգիաների անվտանգության, ինչպես նաև դրանց ներմուծման ու արտահանման վերահսկողության ոլորտներում»,–ասել է նա։

Հունանյանն ընդգծել է, որ այս համաձայնագիրը ռազմական դաշինք չէ, այն չի պարունակում պարտավորություն՝ ռազմական միջամտության կամ պաշտպանական աջակցության վերաբերյալ։

«Սակայն, եթե դրա դրույթները լիարժեք իրականացվեն, Հայաստանը զգալիորեն կբարձրացնի իր ընդհանուր անվտանգությունն ու դիմադրողականությունը»,–ասել է նա։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում փաստաթղթի ստորագրման արարողության ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը սկսում է բանակցություններ ԱՄՆ-ի հետ՝ «1,2,3 համաձայնագրի» շուրջ, որը վերաբերում է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացմանը։

Վահան Հունանյանի խոսքով՝ միջուկային ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը նոր երևույթ չէ․ դեռևս 2022 թվականին Արարատ Միրզոյանի Վաշինգտոն կատարած այցի շրջանակում ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում գործակցությունը զարգացնելու նպատակով։ Այժմ կողմերը պատրաստվում են ևս մեկ կարևոր քայլ կատարել՝ սկսելով բանակցություններ նշված համաձայնագրի շուրջ։

Այս համաձայնագրի նշանակությունը Հունանյանը բացատրել է հետևյալ կերպ․ եթե ԱՄՆ-ն ցանկանում է խորացնել համագործակցությունը որևէ երկրի հետ միջուկային էներգետիկայի բնագավառում, և այդ երկիրը ձգտում է մուտք ունենալ ամերիկյան առաջատար միջուկային տեխնոլոգիաների ոլորտ, ապա այս պայմանագիրը դառնում է կարևոր նախապայման։ Նրա դիտարկմամբ՝ այն կօգնի ամրապնդել երկու երկրների համատեղ աշխատանքը միջուկային էներգետիկայի ոլորտում՝ ներառյալ անվտանգության հարցերը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի շրջանակում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հետ հանդիպմանը՝ Հունանյանն ընդգծել է, որ սա ԱՄՆ-ի նոր ղեկավարության հետ առաջին շփումը չէր։

«Երբ Դոնալդ Թրամփն ընտրվեց, տարածաշրջանի առաջնորդներից առաջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այնուհետև Փարիզում Աստվածամոր տաճարի վերաբացման արարողության ժամանակ նույնպես տեղի ունեցավ շփում»,–ասել է նա։

Հունանյանը նշել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպումը նախապես ծրագրված չէր, քանի որ այցը պաշտոնական չէր, սակայն կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշեցին հանդիպել և քննարկել համագործակցության հարցեր։ Քննարկումը, ըստ նրա, եղել է շատ արդյունավետ և ընդգրկել է ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։

Հունանյանը հավելել է, որ Ջեյմս Դեյվիդ Վենսը դիտարկվում է որպես Դոնալդ Թրամփի հավանական հետնորդ, ուստի այն հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանը դարձել է նրա առաջին օտարերկրյա պաշտոնական զրուցակիցը, ունի ռազմավարական նշանակություն։

Հանդիպումների շարքում առանձնահատուկ կարևորություն է ունեցել նաև Կոնգրեսում կայացած հանդիպումը, որը գլխավորել է Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ Ռոջեր Ուիքերը։

Հունանյանը նշել է, որ վարչապետի այցի ընթացքում քննարկված բոլոր հարցերը, ըստ էության, ուղղված էին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը։ Կարևոր էր ոչ միայն ամրապնդել քաղաքական երկխոսությունը, այլև նոր ադմինիստրացիային ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը խաղաղության օրակարգի վերաբերյալ։

Հունանյանը ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության շահերից։

Անդրադառնալով Դոնալդ Թրամփի քաղաքականությանը՝ Հունանյանը նշել է, որ Թրամփի համար խաղաղության հաստատումը կարևոր առաջնահերթություն է։

Նա նշել է, որ ռազմավարական գործընկերության հաստատումը և վարչապետի այցը ԱՄՆ նոր հնարավորություններ են ստեղծում երկկողմ կապերի խորացման համար։

 Ուշագրավ
---