Զելենսկին` Թրամփի խոսքերի մասին. Կվիրավորվեր նա, ով իսկապես բռնապետ է

Զելենսկին` Թրամփի խոսքերի մասին. Կվիրավորվեր նա, ով իսկապես բռնապետ է

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ չի վիրավորվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից, որը նրան «դիկտատոր» էր անվանել՝ պատերազմի ընթացքում ընտրություններ անցկացնել չցանկանալու պատճառով։

Մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկուն խնդրել են մեկնաբանել Թրամփի խոսքերը։ Ի պատասխան՝ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ դրանք հաճոյախոսություն չի համարում, բայց վիրավորվելու պատճառ էլ չի տեսնում, գրում է Pravda.com-ua-ն։

«Այստեղ հույզերի տեղ չկա։ Ես պրագմատիկ մոտեցում ունեմ այսօրվա վարչակազմի (ԱՄՆ – խմբ.) հետ հարաբերություններում և շարունակելու եմ այդպես։ Բայց, իհարկե, ես Թրամփի այդ խոսքերը հաճոյախոսություն չէի անվանի, մեղ ասած։ Ես դա այսպես եմ հասկանում։ Բայց ինչո՞ւ վիրավորվել։ Կվիրավորվեր նա, ով իսկապես բռնապետ է։ Իսկ այսպես՝ ինչ արած, պիտի շարունակենք ապրել ԱՄՆ-ի հետ։

Դիկտատոր հաստատ չենք լինի։ Պարզապես հետաքրքիր չէ։ Ես օրինական ընտրված նախագահ եմ, ոչ թե ուժով եմ եկել իշխանության։ Ինձ ընտրել են 73%-ով։ Ի դեպ, այն խորհրդարանականներին, որոնք այդ ժամանակ ընտրվել են, նույնպես ոչ ոք չի նշանակել, նրանց ընտրել է ուկրաինացի ժողովուրդը։ Ռազմական դրության ավարտից հետո կլինեն ընտրություններ, և մարդիկ կանեն իրենց ընտրությունը»,–ասել է նա։

Նախագահը հավելել է, որ չի ծրագրում իշխանության մնալ «տասնամյակներով», բայց նաև չի թույլատրի, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը վերահսկի Ուկրաինան։

Զելենսկին ընդգծել է, որ ժամանակի ընթացքում այս խոսքերը կմոռացվեն, և գուցե հետագայում ինչ-որ մեկը դրական արտահայտվի իր մասին։

Նա նշել է, որ իր համար կարևոր է, թե ինչ են մտածում ուկրաինացիները իր մասին, այնպես, ինչպես Թրամփի համար կարևոր է ամերիկացիների կարծիքը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև բանավեճը ավելի է սրվել այն բանից հետո, երբ Թրամփը Զելենսկուն անվանել է «բռնապետ»։ Թրամփի քննադատությունը հաջորդել է Զելենսկու ավելի վաղ արված հայտարարությանը, որտեղ ուկրաինացի առաջնորդն ասել էր, որ Թրամփն ընկել է Ռուսաստանի «խեղաթյուրված տեղեկատվության տարածության» մեջ։ Սա հետևել է Թրամփի պնդմանը, թե Զելենսկու նախագահությունը ոչ լեգիտիմ է, քանի որ Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվել։

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---