ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր տպավորությամբ՝ Բաքուն սպասողական փուլում է։
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են, սակայն տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է»,– նշել է նա։
Նրա դիտարկմամբ, ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնավարման սկզբից տարբեր երկրներ ձգտում են հստակեցնել իրենց դիրքորոշումները կամ այն, ինչ կապված է իրենց առկա կոնֆլիկտների հետ։
«Դա վերաբերվում է ոչ այնքան լուծումների վերաբերյալ ԱՄՆ մոտեցումներին, որքան ճշտելուն, թե արդյո՞ք այս կամ այն պարագայում ուժի կիրառումն ԱՄՆ-ի համար կարմիր գիծ է, թե՞ առհասարակ այդ թեման այս փուլում նրանց համար հետաքրքիր կամ ակտուալ չէ»,– նշել է պատգամավորը։
Աբրահամյանը հավելել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր հանգուցալուծումն ու ՌԴ-ԱՄՆ գլոբալ պայմանավորվածությունները զգալի ազդեցություն կունենան նաև Հարավային Կովկասի իրադարձությունների զարգացման վրա, ինչի արդյունքում տարածաշրջանում իրավիճակն առաջ կընթանա համապատասխան սցենարներով։