«Ազնավուր» հիմնադրամը կոչ է անում դադարեցնել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հետապնդումը

«Ազնավուր» հիմնադրամը կոչ է անում դադարեցնել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հետապնդումը

PanARMENIAN.Net - «Ազնավուր» հիմնադրամն ու մի շարք հայկական կազմակերպություններ կոչ են արել շտապ միջոցներ ձեռնարկել Բաքվում գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի դադարեցման համար։

Հիմնադրամը միջազգային հանրությանը հորդորել է պահանջել արդարություն Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար։

Բացի այդ, կոչ է արվել ապահովել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրա արդար դատաքննության իրավունքի խախտումների մանրակրկիտ և թափանցիկ քննությունը՝ միջազգային անկախ դիտորդների և օրինական ներկայացուցիչների հասանելիությամբ։ Այս քայլը նպատակ ունի պարտադրել Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և դադարեցնել Հայաստանի քաղաքացիների քաղաքական հետապնդումը։

«Դիմում ենք միջազգային հանրությանը: Որպես աշխարհի հայկական սփյուռքի խոշորագույն կազմակերպություններ և Հայաստանի Հանրապետությունում գործող ՀԿ-ներ՝ մենք` ներքոստորագրյալներս, դիմում ենք Ձեզ նամակով, կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանում աշխարհահռչակ հայ բարերար և հայաստանցի Ռուբեն Վարդանյանի քաղաքական հետապնդումը:

18 ամիս անցկացնելով գերության մեջ, սարսափելի պայմաններում և մեղադրվելով ադրբեջանական պետության դեմ հանցագործություններ կատարելու մեջ, 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո հանդես գալով Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին՝ Վարդանյանը վերջերս հացադուլ է հայտարարել։

Նրա նպատակն է ընդգծել միջազգային միջամտության հրատապ անհրաժեշտությունը՝ կանխելու Արդարադատության միջազգային օրենքներին համապատասխան արդար դատաքննության Մարդու հիմնարար իրավունքի հետագա խախտումները: 2025 թվականի փետրվարի 19-ին Բաքվի բանտից իր ընտանիքի հետ կարճատև հեռախոսազրույցի ժամանակ պարոն Վարդանյանը հիշատակել է Ադրբեջանի կողմից պատշաճ իրավական ընթացակարգի և միջազգային չափանիշների աղաղակող խախտումների մասին:

Վարդանյանը խոսել է իր նկատմամբ անազատության մեջ դաժան վերաբերմունքի մասին, այն մասին, թե ինչպես են իրեն ստիպել ստորագրել գործի կեղծված նյութերը և զրկել պաշտպանություն նախապատրաստելու իրավունքից,և սրանք ընդամենը մի քանիսն են Ադրբեջանի մարտավարություններից, որոնք ուղղված են նրա Մարդու իրավունքների խաթարմանը և դատավճռի կայացմանը:

Ցավոք, կալանավորված հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ Վարդանյանի նախորդ դիմումը միջազգային կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին մնացել է անպատասխան, ինչն էլ ավելի լուրջ հետևանքներ է ունեցել: Նրա ներկայիս հացադուլը ոչ միայն բողոք է, այլև ահեղ նախազգուշացում. հետագա լռությունն ու անգործությունը միայն կվատթարացնեն Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ ռազմագերիների և ձերբակալված քաղաքացիական անձանց վիճակը: Կոչ ենք անում վճռական դիրքորոշում որդեգրել Ալիևի ռեժիմի դեմ՝ պաշտպանելու արդարությունը, մարդկային արժանապատվությունը և օրենքի գերակայությունը, քանի դեռ շատ ուշ չէ»,- ասվում է հայտարարության մեջ։

Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում հաջակցություն Բաքվի բանտում խոշտանգումների ենթարկվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որն արդեն մեկ շաբաթ է հացադուլի մեջ է, և մյուս հայ գերիների։

 Ուշագրավ
---