Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը պատրաստ է և իրագործման համար պետք է միայն Բաքվի համաձայնությունը![]() 4 մարտի 2025 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդված է հրապարակել «Արմենպրես» լրատվական գործակալությունում ՀՀ և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանն ամենից հաճախ շահարկում է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հարցը՝ մեղադրելով Հայաստանին պայմանավորվածությունների չկատարման մեջ, սակայն, ըստ նրա, իրականությունն այն է, որ երկու կողմերն են պարտավորվել բացել տրանսպորտային և տնտեսական կապերը, և այս պահին Ադրբեջանի տարածքում չկա ոչ մի բաց ճանապարհ, երկաթուղի, խողովակաշար, էլեկտրահաղորդման գիծ կամ մալուխ, որոնք հնարավորություն կտային Հայաստանի կամ Հայաստանի տարածքով անցնող փոխադրամիջոցների տեղաշարժին: Մինչդեռ, ըստ վարչապետի, Հայաստանի ճանապարհները բաց են ադրբեջանական տրանսպորտային միջոցների համար, տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացումը նախապատրաստված է և իրագործման համար պետք է միայն Բաքվի համաձայնությունը։ Վարչապետը հիշեցնում է, որ դեռ 2022 թվականին ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեք սահմանային կետ բացելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտար ադրբեջանական բեռնատարներին և ուղևորատար մեքենաներին Հայաստանի տարածքով անցնել Նախիջևան կամ Թուրքիա, սակայն այդ առաջարկը մերժվել է Ադրբեջանի կողմից: «Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով եւ ՀՀ Կառավարության կողմից կարող են ընդունվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Իհարկե, դեպի Նախիջեւան մուտքի ենթակառուցվածքներ չկան եւ պետք է կառուցվեն, բայց դա նույնպես կարելի է բավական արագ անել: Բայց հենց հիմա, զուտ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով երթեւեկել մինչեւ Հայաստան-Թուրքիա սահման եւ Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա: Նույնը եւ հակառակ ուղղությամբ: Նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է, մնում է դե յուրե որոշում կայացնել: Մենք պատրաստ ենք նման որոշում կայացնել, եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն: Մենք կապահովենք բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթեւեկել են եւ այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով: Դա կարող են անել նաև այլ երկրների բեռնատարներ: Բայց ևս մեկ անգամ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որեւէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղեւորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի: Նման բան չի եղել, չկա պարզապես: Ընդհակառակը, Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչը և պատրաստ ենք անել: Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ կարող է համաձայնվել իր ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքային ամբողջականության որևէ սահմանափակման, ներառյալ արեւմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցության հարցում»,–ասվում է հոդվածում։ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը երբեք չի խոչընդոտել այդ հաղորդակցությանը, ընդհակառակը՝ միշտ եղել է առավելագույնս ստեղծագործ և ճկուն այս հարցում: Նա հիշեցնում է, որ 2022 թվականին, հաշվի առնելով Ադրբեջանի մտահոգությունները, Հայաստանը առաջարկել է, որ սահմանային անցման կետերում անձնագրային և մաքսային հսկողությունը կատարվի միջազգային մասնագիտացված կազմակերպության միջոցով: Սակայն Ադրբեջանը մերժել է այդ տարբերակը: Հիմա, հաշվի առնելով Ադրբեջանի պնդումները, թե իրենց քաղաքացիները խուսափում են Հայաստանի սահմանային և մաքսային հսկողությունը անցնելուց, Փաշինյանը նշում է, որ առաջարկել են հաղորդակցության բացումն իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներից սկսած՝ Զանգելան-Մեղրի-Օրդուբադ և Երասխ-Օրդուբադ-Մեղրի ուղղություններով: Այս առաջարկը չի խախտում որևէ կողմի ինքնիշխանությունը, իրավազորությունը կամ տարածքային ամբողջականությունը, և, ըստ Փաշինյանի, եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ կայուն բեռնափոխադրումներ ապահովելն է, ապա այդ հարցը լուծված է: Նա հավելում է, որ դեռ որոշ ժամանակ կպահանջվի Հայաստանի տարածքում Նռնաձոր-Կարճևան երկաթուղու կառուցման համար, ինչպես նաև կարճ հատվածի շինարարություն Երասխ-Նախիջևան հատվածում, սակայն այս գործընթացը կարելի է արագ ավարտին հասցնել: Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը նույն սկզբունքով պատրաստ է տրամադրել նաև Ադրբեջանից դեպի Նախիջևան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և մալուխների տարանցում, սակայն Ադրբեջանի մերժողական կեցվածքը մնում է անհասկանալի: Նա նաև արձանագրում է, որ Ադրբեջանը հայտարարել է՝ եթե Հայաստանը ճանապարհ չտրամադրի Նախիջևան տանող ուղու համար, ապա Բաքուն կապահովի այդ կապը Իրանի տարածքով: Միևնույն ժամանակ, նա նշում է, որ Հայաստանը պատրաստ է տրամադրել նույնպիսի իրավական պայմաններ, ինչպիսիք Իրանն է առաջարկում, սակայն Ադրբեջանն արձագանքում է՝ պահանջելով, որ անցումը լինի «անկանխատեսելի» խոչընդոտներից զերծ: Փաշինյանը հարցադրում է անում՝ արդյո՞ք Իրանի տարածքով անցումը խոչընդոտված է, եթե Հայաստանը պատրաստ է տրամադրել նույն պայմանները: «Փոխադարձության սկզբունքով պատրաստ ենք անցման ընթացակարգերի որոշ պարզեցումներ և ինքնաշխատ մեխանիզմների ներդրում իրականացնել: Ինչո՞ւ է ուրեմն Ադրբեջանը մերժում մեր այս կառուցողական առաջարկները: Իմ համոզմունքը հստակ է. տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է և դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը»,–ասվում է Փաշինյանի հոդվածում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |