ՀՀ ԱԳՆ–ն փետրվարի 20–ին նոտա է հղել Բելառուսին՝ բլոգեր Բելլա Բաբախանյանի հարցով

ՀՀ ԱԳՆ–ն փետրվարի 20–ին նոտա է հղել Բելառուսին՝ բլոգեր Բելլա Բաբախանյանի հարցով

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 20–ին բելառուսական կողմին դիմել է պաշտոնական նոտայով ՝ կապված բլոգեր Բելլա Բաբախանյանի գործի հետ, որը Բելառուսում ազատազրկվել էր։ Երեք օր անց ստացված պատասխանում նշված էր, որ նա 15 օրով ազատազրկված է, և ժամկետի լրանալուց հետո նրան ազատ կարձակեն։

Այդ մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին՝ թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանության համար, հայտնում է Արմենպրեսը։

«Բլոգեր Բելլա Բաբախանյանի ազատ արձակումը Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց որպես իր միջամտություն: Նույնիսկ օդանավակայանում հրապարակային դիմավորեցին նրան և այլն»,–նշել է պատգամավորը։

Միրզոյանը նշել է, որ չի կարող մեկնաբանել, թե ով ինչ միջոցառումներ է կազմակերպել։

«Ես չգիտեմ, թե ով ինչ դիմավորում, ճանապարհում կամ այլ միջոցառումներ է արել: Մենք ազատ երկիր ենք: Բոլորն իրավունք ունեն այդպիսի բան անելու: Փետրվարի 20–ին ՀՀ ԱԳՆ–ն պաշտոնական նոտայով դիմել է բելառուսական կողմին, հայցել է տեղեկատվություն՝ նշված ՀՀ քաղաքացու վերաբերյալ, 3 օր անց ստացել է բելառուսական կողմի պատասխանը, որում ասվում էր, որ այդ անձը ազատազրկված է 15 օրով և ժամկետը լրանալուց հետո բաց է թողնվելու»,–ասել է նա։

Նախարարի խոսքով՝ իրենք չեն խորանում հարցի մեջ, թե ով ինչպես է ներկայացնում իր դերը գործի մեջ։

«Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օր հետո բաց է թողնվելու: Մնացածը, ով ում ուզում է, թող ծաղիկ նվիրի, քավ լիցի, մենք առարկություններ չունենք»,–հավելել է նա։

Միրզոյանը նաև ընդգծել է, որ ԱԳՆ–ն չի առաջնորդվում PR շահերով։

«Թող արդյունքները լինեն, թող ուրիշները դիվիդենտներ ստանան այդ արդյունքներից: Ոչ նախանձում ենք, ոչ այդպիսի խնդիր ենք դնում մեր առաջ: Մեզ համար կարևոր են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները»,–նշել է նախարարը։

Նա շեշտել է, որ ԱԳՆ–ն շարունակելու է հետևել ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը՝ կիրառելով դիվանագիտական ու միջազգային պրակտիկայում ընդունված մեխանիզմները՝ անկախ այն բանից, թե որ երկրում են նրանք գտնվում։

Մինսկում բերման ենթարկված և 15 օրով ձերբակալված բլոգեր Բելլա Բաբախանյանը արդեն Հայաստանում է։ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ դեռ չի կարողանում հավատալ իր վերադարձին։ Գործարար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Ծառուկյանն աջակցել է Բաբախանյանին՝ լուծելով նրա իրավական խնդիրները և հրավիրելով նրան Հայաստան։ Գագիկ Ծառուկյանի միջամտության արդյունքում իրավիճակը կարգավորվել է։

 Ուշագրավ
---