Ռուստամյան. ՀՀ-ն պետք է խորացնի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ռուստամյան. ՀՀ-ն պետք է խորացնի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ

PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է խորացնի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Իրանի հետ անհրաժեշտ է անհապաղ կնքել ռազմաքաղաքական դաշինք, հայտնում է Sputnik Արմենիան։

Ռուստամյանի դիտարկմամբ՝ Հայաստանի ներկայիս իշխանություններն իրենց քաղաքականությամբ նպաստում են հայության թրքացմանը՝ առաջնորդվելով զիջողական մոտեցմամբ, որը ենթադրյալ խաղաղության անվան տակ միայն տանում է նոր կորուստների։ Ըստ նրա՝ այդ խաղաղության «երաշխավորը» դառնալու է թուրք-ադրբեջանական տանդեմը։

«Խաղաղության անվան տակ մենք ունենալու ենք նոր զիջումներ, նվաստացում և դրանցից բխող այլ հետևանքներ։ Մեր խնդիրն է՝ ստեղծված իրավիճակում բեկում մտցնել․ հայ ժողովուրդը պետք է ունենա իրական ու անշրջելի խաղաղություն։ Մեզ նոր արտաքին, դիվանագիտական հմուտ քաղաքականություն է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք վերականգնել մեր կապերն այն երկրների հետ, որոնց շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը։ Այդ երկրներից առաջինը Ռուսաստանն է, որի հետ պետք է ամրապնդել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, որոնք կան։ Իրանի հետ պետք է անհապաղ կնքել ռազմաքաղաքական դաշինք այն տրամաբանությամբ, որ եթե հարձակում լինի որևէ երկրի վրա, ապա կնշանակի հարձակում տվյալ երկրի վրա։ Իրանն այսօր մեր իշխանություններից ավելի հստակ դիրքորոշում է հայտնում «Զանգեզուրի միջանցքի» մասով»,- նշել է Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ Արևմուտքի հետ ևս ներկայումս առկա է հայկական շահերը պաշտպանելու փոխլրացման տրամաբանություն, քանի որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա իրավիճակը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ Ըստ Ռուստամյանի՝ դա ՀՀ-ին ընձեռում է հնարավորություն՝ գերտերությունների հետ աշխատելու՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը։

Ռուստամյանը կարծում է, որ երկրում անհրաժեշտ է ձևավորել նոր որակի իշխանություն, քանի որ ներկա իշխանությունների քաղաքական կուրսը հակասում է ազգային շահերին։

«Մեր այլընտրանքային մոտեցումները հիմնված են նրա վրա, որ հայ ժողովուրդն ունի իր սեփական ուժային աղբյուրները, որոնք չպետք է թույլ տանք, որ այս իշխանությունները ցամաքեցնեն»,- ասել է Ռուստամյանը։

Նա ընդգծել է, որ պետք է վերականգնել արդեն խաթարված Հայաստան-Արցախ-սփյուռք կապը, ինչպես նաև հրատապ վերակառուցել պաշտպանական ու անվտանգային համակարգերը, քանի որ հակառակորդները միայն ուժի լեզուն են հասկանում, իսկ թույլ դիրքից հանդես գալու դեպքում Հայաստանը շարունակաբար նոր պահանջների առաջ կկանգնի։

Մարտի 6-ին կայացած ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի ավարտին ձևավորվել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը։ Առաջին նիստում Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Արմեն Ռուստամյանը, ով այս պաշտոնում փոխարինել է 2022 թվականից այդ դերը ստանձնած Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

 Ուշագրավ
---