ՀՀԿ․ Փաշինյանը չունի մանդատ և լեգիտիմություն խաղաղության պայմանագիր ստորագրելու

ՀՀԿ․ Փաշինյանը չունի մանդատ և լեգիտիմություն խաղաղության պայմանագիր ստորագրելու

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը։

ՀՀԿ–ն հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ և լեգիտիմություն հայ ժողովրդի անունից նման պայմանագրեր ստորագրելու:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ այսպես կոչված բանակցությունների ավարտի, իսկ իրականում՝ օրվա կառավարիչների կողմից միակողմանի հակապետական զիջողականության արդյունք կրկնակապիտուլյացիայի առնչությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝

  • պահանջում է անհապաղ հրապարակել վերջնական տեքստը,
  • հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ և լեգիտիմություն հայ ժողովրդի անունից նման պայմանագրեր ստորագրելու,
  • արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիների համար անընդունելի է ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով բանակցությունների ցանկացած արդյունք, և այն չի կարող ապահովել արդար և երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում,
  • անընդունելի է համարում առանց միջազգային միջնորդների և առանց անվտանգության միջազգային երաշխիքների փաստաթուղթը,
  • անթույլատրելի է համարում ՀՀ գործող Սահմանադրության՝ արտաքին ճնշման տակ իրականացվող փոփոխությունը, որը հարցականի տակ է դնելու Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությունն ու գոյությունը,
  • վերահաստատում է, որ միջազգային դատարաններում հայցերից հրաժարումը ադրբեջանական հերթական ուլտիմատումի հնազանդ կատարում է,
  • ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կենսական վտանգավորությունը,
  • դատապարտում է Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող շինծու դատական գործընթացի վերաբերյալ Հայաստանի այսօրվա կառավարիչների կրավորական կեցվածքը և անգործությունը։

Հանրապետական կուսակցությունը նաև նշում է, որ այն պահին, երբ հայտարարվում է բանակցությունների ավարտի մասին, Ադրբեջանը շարունակում է պահանջել այսպես կոչված «միջանցքի» տրամադրում, ՀՀ ապառազմականացում և սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի պետականության դեմ։

Հայտարարության վերջում ընդգծվում է, որ «արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը»։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
---