Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ։
Նշվում է, որ վրամիությունը ողջունում է Հայաստանին, որը ճանապարհ է հարթել տեքստի վերջնականացման համար, հայտնում է Արմենպրեսը։
«Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Մենք ողջունում ենք երկու կողմերին վերջին մի քանի տարիներին այս ուղղությամբ կատարած հաստատակամ աշխատանքի համար ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հանրության ներգրավմամբ։ Եվրամիությունը ողջունում է Հայաստանին, որը ճանապարհ է հարթել տեքստի վերջնականացման համար։ Այս հայտարարությունները որոշիչ են տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության ճանապարհին։ Կարևոր է այս իմպուլսը պահպանելը և գործընթացի սահուն ավարտն ապահովելը՝ երկու կողմից նույն հեռատես և փոխզիջումային մոտեցումների հիման վրա։ Եվրամիությունն ամբողջությամբ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է հավելյալ աջակցություն տրամադրել, եթե կողմերը դրա համար դիմեն»,- ասված է հայտարարության մեջ։
Հայաստանը և Ադրբեջանը մարտի 13-ին հայտնել են, որ խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ վերջնական համաձայնության են հասել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ սկսել քննարկումներ պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների վերաբերյալ։
Միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ արդեն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությանը՝ հույս հայտնելով, որ պայմանագիրը հնարավորինս արագ կստորագրվի։