FIP. Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում 35 հարկանի 5 շենք են կառուցելու, ՇՄԱԳ–ը խնդիր չի տեսնում![]() 15 մարտի 2025 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Երևանի ամենաբանուկ գոտիներից մեկում՝ Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում, նախատեսվում է կառուցել 35 հարկանի 5 շենք՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Օրբելի 23, 27 և 29 հասցեներում այս բարձրահարկ համալիրի կառուցման գաղափարը հանրության շրջանում, հատկապես տեղի բնակիչների մոտ, առաջացրել է բազմաթիվ հարցեր և անհանգստություններ, մինչդեռ պետական մարմինները որևէ խոչընդոտ չեն ներկայացրել շինարարությանը՝ տալով դրական եզրակացություն։ «Փաստերի ստուգման հարթակը» (FIP), արձագանքելով հանրային հետաքրքրությանը, փորձել է հասկանալ, թե ինչ նախագիծ է իրականում նախատեսվում և ինչ կարծիքներ են հնչել մասնագետների կողմից։ Նշվում է, որ տարածքում 9905.21 քմ ընդհանուր մակերեսով շինությունների և ավելի քան 3 հեկտար հողատարածքի օտարման գործընթացը մեկնարկել էր դեռ 2020 թվականին։ Կառավարությունը որոշել էր օտարել Օրբելի 23 հասցեում գտնվող պետական գույքը, սակայն մրցույթի բացակայության պատճառով գործընթացը չէր կայացել։ 2022 թվականին կառավարությունը կրկին ներկայացրել է տարածքը օտարման՝ այս անգամ առաջարկելով այն վաճառել գնահատված արժեքի 80 տոկոսի չափով՝ շուրջ 6․6 միլիարդ դրամով։ Նախկինում գինը սահմանված էր 100 տոկոսի չափով։ 2022 թվականի հուլիսի 28-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից կազմակերպված մրցույթում հաղթող է ճանաչվել «Ռենշին» ՍՊԸ-ն։ Ընկերությունն ըստ ներդրումային ծրագրի պարտավորվել է 5 տարվա ընթացքում վճարել 7․1 միլիարդ դրամ և կատարել 71 միլիարդ դրամի ներդրում՝ տարածքում հասարակական նշանակության օբյեկտներ կառուցելու համար։ «Ռենշին» ընկերությունը, որը զբաղվում է բնակելի համալիրի կառուցմամբ, հիմնադրվել է 2002 թվականին։ Դրա հիմնադիրներն ու բաժնետերերն են ձեռնարկատերեր Էդուարդ Մարությանը և Արայիկ Կարապետյանը, որոնցից յուրաքանչյուրը պետռեգիստրի տվյալներով ունի 50% բաժնեմաս։ Նրանք երկուսն էլ մասնագիտացած են տարբեր ոլորտներում՝ անշարժ գույքի կառավարումից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ և ներդրումներ։ Արայիկ Կարապետյանը նաև «Գլոբալ Կրեդիտ» վարկային կազմակերպության բաժնետեր և խորհրդի անդամ է, իսկ Էդուարդ Մարությանը՝ նույն կազմակերպության խորհրդի նախագահ։ Երկուսն էլ բաժնետերեր են «Ռենեսա» ՓԲԸ-ում։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Ռենշին» կապ ունի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ինչը համարվել է ընկերության հաջողությունների պատճառներից մեկը։ Փոխվարչապետի գրասենյակը, սակայն, այդ տեղեկությունները չի հերքել։ «Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել փոխվարչապետի գրասենյակ՝ այս տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով։ «Փաստերի ստուգման հարթակը» դիմել է Երևանի քաղաքապետարան՝ այս շինարարության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Քաղաքապետարանից հայտնել են, որ «Ռենշին» ընկերությունը դեռևս չի ներկայացրել աշխատանքային նախագծի համաձայնեցման կամ շինարարության թույլտվության հայտ։ «Երևանի քաղաքապետարան ներկայացված ցանկացած հայտ կքննարկվի բացառապես ՀՀ գործող նորմերի և սահմանված ընթացակարգերի համաձայն»,- նշել են քաղաքապետարանից։ Բացի այդ, տեղեկացվել է, որ կառավարության որոշմամբ այս նախագիծը դասվում է բարձր ռիսկայնության (4-րդ կատեգորիայի) օբյեկտների շարքին, ինչի հետևանքով ենթակա է պետական համալիր փորձաքննության։ Սակայն քաղաքապետարանը չի պատասխանել մի շարք հիմնարար հարցերի, մասնավորապես՝ արդյոք Երևանի գլխավոր հատակագծով նախատեսվում է այդտեղ բնակելի շենքերի կառուցում, կան արդյոք սահմանափակումներ բարձրահարկ շենքերի համար, ինչպես նաև՝ ինչպիսի՞ ազդեցություն կունենա նախագծի իրականացումը Օրբելի փողոցի երթևեկության և ենթակառուցվածքների վրա։ ՇՄԱԳ-ը տվել է դրական եզրակացություն՝ 2025–ի փետրվարի 14-ին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հաստատել է բնակելի համալիրի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) դրական փորձաքննական եզրակացությունը։ «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան՝ «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ բոլոր անհրաժեշտ չափորոշիչները հաշվի են առնվել ՇՄԱԳ ուսումնասիրությունների ընթացքում։ Հաշվետվության համաձայն՝ շինարարության ընթացքում հնարավոր է օդի աղտոտվածություն, սակայն այն գնահատվել է «կարճաժամկետ և թույլատրելի նորմերի սահմաններում»։ «Փաստերի ստուգման հարթակը» նաև հետաքրքրվել է, թե որքանով է նախագիծը վտանգավոր Հրազդանի կիրճի և գետի համար։ ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը վստահեցրել է, որ շինարարությունը որևէ ազդեցություն չի ունենա Հրազդան գետի վրա, քանի որ այն գտնվում է կառուցապատվող տարածքից 250 մ հեռավորության վրա։ «ՇՄԱԳ-ում նախատեսվել են նաև համապատասխան միջոցառումներ, որոնք կբացառեն շինհրապարակից հնարավոր արտահոսքերը, կեղտաջրերը կամ թափոնների լցվելը Հրազդան գետ»,- նշել է պաշտոնյան։ Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, սակայն, պնդում է, որ տարածքը նախատեսված չէ բնակելի կառուցապատման համար։ «Դա առողջապահական գոտի է, դա Հրազդանի կիրճի բաղկացուցիչ հատված է, իսկ 5 հատ 35 հարկանի շենքը աղավաղելու է Հրազդանի ձորի բնական կենսապատկերը։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետարանը Հրազդանի կիրճը հատուկ պահպանվող գոտի է հայտարարում»,- նշել է Պետրոսյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |