Կոնջորյան․ Ոչ ոք չի կարող Խաղաղության համաձայնագիրը գաղտնի ստորագրել

Կոնջորյան․ Ոչ ոք չի կարող Խաղաղության համաձայնագիրը գաղտնի  ստորագրել

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկացրել է, որ ՀՀ–ն դիմել է Ադրբեջանին՝ առաջարկելով սկսել քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների վերաբերյալ։

Նա նշել է, որ ոչ ոք չի կարող խաղաղության համաձայնագիրը գաղտնի ստորագրել, վավերացման համար այն պետք է անցնի ներպետական օրենսդրությամբ սահմանված բոլոր փուլերով։

Կոնջորյանը նշել է, որ երբ ստորագրման ժամկետի մասով առարկայական առաջընթաց գրանցվի, պայմանագրի տեքստը պատշաճ ժամկետներում կհրապարակվի։

«Այսինքն որևէ մեկը չի կարող Խաղաղության համաձայնագրի նման ծանրակշիռ տեքստը հապճեպ, հանրությունից թաքուն ստորագրի: Դա ընդդիմության կողմից հերթական մոլորեցնող ձևակերպումներն են»,- ասել է Կոնջորյանը։

Նա շեշտել է, որ այս համաձայնագիրը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչը չափազանց կարևոր քայլ է երկու պետությունների հարաբերությունների ձևավորման, թշնամանքը հաղթահարելու, կայունության և առաջընթացի ապահովման համար։

«Որևէ փաստաթուղթ, այդ թվում նաև խաղաղության համաձայնագիրը, չի կարող մեկընդմիշտ կարգավորել բոլոր հարցերը: Բայց սա շատ կարևոր մեկնարկ է, որը իր հետևից շոգեքարշի պես տանելու է խաղաղության հաստատման օրակարգը և մենք այդ քաղաքական կամքն ունենք»,- ասել է նա։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
---