ԿԸՀ-ն պարզաբանել է Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների քարոզչական կանոնները

ԿԸՀ-ն պարզաբանել է Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների քարոզչական կանոնները

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իրազեկել է, որ Գյումրիում և Փարաքարում կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը մեկնարկում է մարտի 15-ին և ավարտվում մարտի 28-ի ժամը 24։00-ին։

Մարտի 29-ին և 30-ին քարոզչությունը խստիվ արգելվում է։

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների այն աշխատակիցները, որոնք առաջադրվել են որպես թեկնածու (բացառությամբ քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների), մարտի 15-ից մինչև մարտի 30-ը ժամանակավորապես ազատվում են ծառայողական պարտականություններից։

Նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը արգելվում է ընտրողներին դրամական աջակցություն, սնունդ, ապրանքներ կամ ծառայություններ առաջարկել։ Նույն սահմանափակումները վերաբերում են բարեգործական կազմակերպություններին, որոնք կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ թեկնածուների հետ։

ԿԸՀ-ն սահմանել է քարոզչական նյութերի տեղադրման կարգը՝ դրանք թույլատրվում են միայն հատուկ հատկացված վայրերում, վճարովի գովազդային վահանակներում կամ ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող շինություններում՝ նրանց համաձայնությամբ։ Արգելվում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, հասարակական տրանսպորտի և տաքսիների վրա քարոզչական նյութերի տեղադրումը։

Քարոզչական պաստառները պետք է պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի մասին տեղեկություններ, իսկ անանուն քարոզչական նյութերի տարածումը արգելվում է։

Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը բոլոր ձևաչափերով՝ զանգվածային լրատվության միջոցներով, համացանցում գովազդի միջոցով, հրապարակային միջոցառումներով կամ ելույթներով, արգելվում է։

Նախընտրական քարոզչությանը չեն կարող մասնակցել դատավորները, դատախազները, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, զինված ուժերի, ինչպես նաև մի շարք պետական կառույցների աշխատակիցները։ Բացի այդ, արգելվում է պետական ռեսուրսների օգտագործումը քարոզչական նպատակներով։

Ազգային ժողովի պատգամավորները, համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները կարող են մասնակցել քարոզչությանը, սակայն առանց վարչական ռեսուրսների կիրառման։

Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող լրատվամիջոցները, լուսաբանելով հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուների գործունեությունը, պետք է ապահովեն հավասար հնարավորություններ մյուս թեկնածուների համար։

ՏԻՄ ընտրությունները կայանալու են մարտի 30–ին։

 Ուշագրավ
---