Փաշինյանը Մակրոնին և Փեզեշքիանին հայտնել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին

Փաշինյանը Մակրոնին և Փեզեշքիանին հայտնել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ տեղեկացնելով նրան «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ ընթացած բանակցությունների ավարտի մասին։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Ֆրանսիա և Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև զարգացումները Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Փաշինյանը Իրանի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և այդ հարցով բանակցությունների ավարտի մասին։

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
---