Մանուկյան․ ՔԿ–ն հերքում է Փաշինյանի հայտարարությունները

Մանուկյան․ ՔԿ–ն հերքում է Փաշինյանի հայտարարությունները

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հրապարակելով ՔԿ-ի պատասխանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Քննչական կոմիտեն հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

ՔԿ պատասխանում ասվում է, որ քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն չի կազմվել, ՀՀ քրեադատավարական օրենքի համապատասխան կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով։

«ՀՀ ԱԺ փետրվարի 12-ի լիագումար նիստում մեր գործընկերուհի Քրիստիներ Վարդանյանի հարցին ի պատասխան Փաշինյանը հայտարարեց. «Դուք Ձեր գործունեությամբ, այդ թվում էդ գործունեությամբ, այ էդ Ձեր ասած մարդկանց համար մայակներ եք պահում Հայաստանի Հանրապետության տարածքում, թե որտեղ ա պետք խփել, մայակները պահում եք եւ Ձեր ամենօրյա գործունեությամբ հիմնավորում եք, Հայաստանի Հանրապետության խոցելու լեգիտիմություն եք ստեղծում, դուք, հենց կոնկրետ դուք եւ Ձեր հարեւան խմբակցությունը եւ Ձեր արբանյակ քաղաքական ուժերը եւ կուսակցությունները»։

Հրապարակային հնչեցրած այս ուղիղ մեղադրանքի մասով, որպես ԱԺ պատգամավոր գրություններ եմ ուղարկել ԱԱԾ, դատախազություն՝ պահանջելով Փաշինյանի հայտարարության հիման վրա քրեական վարույթ հարուցել։

Դատախազությունն ընդհանրապես լռեց, իսկ Ազգային անվտանգության ծառայությունն էլ իր վրայից գցեց Նիկոլի հիմնազուրկ հայտարարությունների պատասխանատվությունն ու գրությունս փոխանցել էր ՀՀ Քննչական կոմիտե։

Օրերս ստացա նրանց կարճ, բայց խոսուն պատասխանը՝ քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն չի կազմվել, ՀՀ քրեադատավարական օրենքի համապատասխան կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով։ Այն է՝

«Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»:

Ասել է թե, Փաշինյանի ասածը հիմնազուրկ է, և չփաստարկված, ինչը ստիպված է փաստել անգամ ՀՀ Քննչական կոմիտեն»,–ասվում է գրառման մեջ։

Փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը մեղադրել էր Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութի բեմադրության մեջ։ Նա հայտարարել էր, որ չի զարմանա, եթե պարզվի, որ ընդդիմադիր շրջանակներն են կազմակերպել այդ գործընթացը՝ Իրանի քաղաքացիներին վճարելով, նրանց տեղաշարժը կազմակերպելով, երգել տալով, տեսագրելով և տարածելով՝ նպատակ ունենալով վնասել հայ-իրանական հարաբերություններին։

 Ուշագրավ
---