21 մարտի 2025 - 15:44 AMT
Պապիկյան․ Սպառազինության նոր նմուշների գնման պայմանագրեր են ստորագրվել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի հանձնաժողովում անդրադարձել է սպառազինության և ռազմատեխնիկայի արդիականացման ծրագրերին՝ նշելով, որ նոր նմուշների ձեռքբերման նպատակով մատակարարման պայմանագրեր են կնքվել մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ։

Նա հավելել է, որ շարունակվել են նաև ինժեներական-ամրաշինական աշխատանքները, իրականացվել են մշտական տեղակայման վայրերի կառուցման և վերանորոգման աշխատանքներ, հայտնում է Radar.am-ը։

Պապիկյանը հայտարարել է, որ, չնայած հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական կողմի տեղեկություններին, 2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն։

«ՀՀ զինված ուժերում արմատական համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշները սահմանելու նպատակով 2024 թվականին մշակվել, հավանության է արժանացել և հրապարակվել է բանակի կերպափոխման հայեցակարգը։ Բացի այդ, մշակվել է հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը»,- նշել է նա՝ անդրադառնալով կառավարության ծրագրի կատարողականին, որը վերաբերել է պաշտպանության ոլորտին։

Նիստը շարունակվել է փակ ռեժիմով, քանի որ քննարկվելու են տեղեկություններ, որոնք համարվում են պետական գաղտնիք։

Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։