Շտայնմայեր․ Եվրոպան, Գերմանիան հետաքրքրված են Հրվ. Կովկասում կայունությամբ

Շտայնմայեր․ Եվրոպան, Գերմանիան հետաքրքրված են Հրվ. Կովկասում կայունությամբ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը վստահեցրել է, որ Եվրոպան, Գերմանիան հետաքրքրված են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն տիրի։ Այդ մասին նա ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսում:

Երկու երկրի նախագահները հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին, հայտնում է Արմենպրեսը։

«Գերմանիայում և Եվրոպայում շատ մեծ հետաքրքրվածություն ունենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն տիրի»,–ասել է Շտայնմայերը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ գրանցված առաջընթացն արժանի է ուշադրության։ Նա նաև շնորհավորել է կողմերին՝ կատարված աշխատանքի համար։

Գերմանիայի նախագահի կարծիքով՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է հիմք դնել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ բանակցությունները դեռ չեն հասել վերջնակետին, քանի որ փաստաթուղթը չի ստորագրվել և վավերացվել։

«Ցանկալի է, որ երկու կողմերն օգտագործեն այս պատեհ պահը, որ երկարաժամկետ ու կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,–ասել է Շտայնմայերը՝ հավելելով, որ այս հարցը քննարկելու են նաև Բաքվում իրենց գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

Խոսելով հայ-գերմանական հարաբերություններից՝ նա ընդգծել է վերջին տարիներին երկկողմ կապերի տեսանելի զարգացումը, ինչը, ըստ նրա, արտացոլվում է թե՛ փոխայցելությունների, թե՛ շարունակական բանակցությունների մակարդակով։

Նա անդրադարձ է կատարել նաև երկու երկրների համագործակցությանը տարբեր ոլորտներում՝ նշելով, որ ապագայում ևս այս ուղղությամբ մեծ ներուժ կա։

Նախագահը շեշտել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի համար մնում է կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը, և Գերմանիան մտադիր է պահպանել ու խորացնել այս համագործակցությունը։

«Գերմանիայում շատ ուրախ ենք Հայաստանի հետաքրքրվածությամբ ԵՄ–ի, Եվրոպայի նկատմամբ»,–ասել է նախագահը:

Նա հավելել է, որ գիտակցում են՝ այս մոտեցումն անհրաժեշտություն ունի հաղթահարելու երկարատև կախվածություններն ու վերակողմնորոշվելու՝ ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգային ոլորտներում։

Գերմանիայի նախագահը շեշտել է՝ հուսով են, որ Հայաստանը կհաջողի այս ճանապարհին: Նա անդրադարձել է նաև եվրոպական, գերմանական կողմից գործադրվող ջանքերի մասին՝ ընդգծելով ԵՄ–ի դիտորդական առաքելության ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքը, որ Հայաստանի սահմաններն ավելի ապահով դառնան:

«Շատ քաջալերող է Հայաստանում լսել, թե ինչպիսի դեր ունի այդ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հատկապես սահմանային համայնքներում բնակվողների համար: Առաքելության ներկայությունը լրացուցիչ ապահովության զգացողություն է ստեղծում»,–ասել է Շտայնմայերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
---