Փոխգնդապետ Մխիթարյանին դաժանաբար ծեծելու գործով նոր քննություն կտարվի

Փոխգնդապետ Մխիթարյանին դաժանաբար ծեծելու գործով նոր քննություն կտարվի

PanARMENIAN.Net - Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով նոր քննություն կիրականացվի։ Գործի վերանայման հիմքում դրվել է կոմայի մեջ գտնվող Արա Մխիթարյանի մահվան հանգամանքը, հայտնում է «Փաստինֆոն»։

Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել Հարություն Գրիգորյանը։ Թեև դատավճիռը դարձել է օրինական, սակայն Արա Մխիթարյանի մահը՝ նա մահացել է կոմայի մեջ գտնվելու երկար ժամանակահատվածից հետո 2023 թվականին, հիմք է դարձել նոր քննություն սկսելու համար։

Մահվան փաստի հիմքով ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժնում, դեռևս 2021 թվականի մայիսի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է թիվ 92217623 քրեական վարույթը, որն առայժմ 2024-ի մայիսի 15-ին կարճվել է։ Սակայն տուժողի իրավահաջորդ Սամվել Մխիթարյանի՝ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Մարտիրոսյանին ուղղված դիմումից հետո հարուցվել է նախնական վարույթ։

Գլխավոր դատախազի տեղակալը, հաշվի առնելով քննության արդյունքները, վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Ըստ բողոքաբերի՝ բացահայտված հանգամանքները նախկինում դատարանների համար անհայտ են եղել, սակայն այժմ կարող են փոխել դատապարտյալի մեղքի ծանրության գնահատականը։

Մասնավորապես, փաստարկվել է, որ Մխիթարյանի մահը վրա է հասել դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ինչը վերածվել է նոր հանգամանքի։ Դիահերձման և դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները հաստատել են, որ մահը գտնվում է ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ ստացած վնասվածքների և դրանց հետևանքների հետ։

Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել գործն ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Բացի այդ, դատարանը որոշել է Հարություն Գրիգորյանին կրկին կալանավորել երկու ամսով։

Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ Ըստ հարազատների՝ միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել նաև Տրդատ Սարգսյանը, ով այդ ժամանակ զբաղեցրել է մարզպետի պաշտոնը և դրանից հետո հրաժարական է ներկայացրել։ Մարզպետի ներկա լինելու հանգամանքը հաստատվել է երեք վկաների ցուցմունքներում, սակայն Սարգսյանին մեղադրանք չի առաջադրվել, փոխարենը՝ վկաներին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար, իսկ գործը ներկայում դատարանում է։

Զավեն Գրիգորյանի մասով գործը դատարան չի հասել, քանի որ նախաքննական մարմինը դադարեցրել է հետապնդումը՝ արդարացման հիմքով։ Մինչդեռ Հարություն Գրիգորյանը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, պատժի հաշվարկը սկսած 2019-ից։ 2024-ի փետրվարին նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Կոտայքի մարզի դատարանի որոշմամբ, որը հետագայում վերաքննիչ ատյանը բեկանել է, և Գրիգորյանը վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահը վրա է հասել 2023 թվականի հուլիսի 27-ին՝ գրեթե չորս տարի շարունակ կոմայի մեջ գտնվելուց հետո։

 Ուշագրավ
---