Շվեդիայի դեսպանը Սյունիքի մարզպետին է ներկայացրել առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Շվեդիայի դեսպանը Սյունիքի մարզպետին է ներկայացրել առաջիկայում նախատեսվող ծրագրերը

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ընդունելով Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին, շնորհակալություն է հայտնել հերթական այցի և Սյունիքին ցուցաբերվող հետաքրքրվածության համար՝ ներկայացնելով վերջին հանդիպումից հետո մարզային տարբեր ոլորտներում գրանցված զարգացումներն ու փոփոխությունները։

Պատրիկ Սվենսոնին հետաքրքրել են հատկապես սոցիալ-տնտեսական բնագավառում իրականացվող նախաձեռնություններն ու դրանց առաջընթացը, որոնք ընթանում են պետական, մասնավոր և միջազգային ներդրումների ներքո։

Սվենսոնը ներկայացրել է շվեդական տարբեր գործակալությունների կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերը։

Ռոբերտ Ղուկասյանը դեսպանի հետ անդրադարձ է կատարել ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին, այդ թվում՝ Սյունիքով անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհի հատվածների կառուցմանը, որը համարվում է խոշորագույն նախագիծը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ թեմաներ, որոնք ընդգրկում են ներքաղաքական իրավիճակը, արտաքին հարաբերությունները, անվտանգային խնդիրները և կայուն խաղաղության հասնելու ուղիները։

Դեսպանը նաև ընդգծել է, որ «Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանն աջակցելը շարունակում է մնալ իր երկրի կառավարության առաջնահերթությունների շարքում»։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---