ՌԴ ԱԳՆ–ն զգուշացրել է ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասին

ՌԴ ԱԳՆ–ն զգուշացրել է ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասին

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությունն ունի միջազգային իրավական գործիքներ, որոնք նախատեսված են անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար այն դեպքում, եթե Հայաստանը խախտի միության պայմանագրի դրույթները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Եթե Երևանը, այնուամենայնիվ, ձեռնարկի քայլեր, որոնք հակասում են ԵԱՏՄ օրենսդրությանը, ինչը, ինչպես մենք ենք ակնկալում, տեղի չի ունենա, ըստ էության խախտելով ԵԱՏՄ պայմանագիրը, ապա մենք ունենք անհրաժեշտ միջազգային իրավական մեխանիզմներ՝ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար», – ասել է Աղասանդյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Հայաստանը երբեք, ո՛չ հրապարակայնորեն, ո՛չ երկկողմ շփումներում, չի հայտնել ԵԱՏՄ պայմանագրից դուրս գալու մտադրություն։ Ընդհակառակը՝ երկիրը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ միության շրջանակներում ընթացող բանակցություններին, ինչը վկայում է իր հետաքրքրվածության մասին՝ խորացնելու եվրասիական ինտեգրումը։

Ավելի վաղ ՌԴ ներկայացուցիչները նշել են, որ ԵԱՏՄ կայունությունը կախված է նրանից, թե անդամ երկրներն ինչքանով են հավատարիմ մնում ստանձնած պարտավորություններին։ Չնայած Հայաստանին՝ ԵՄ-ի հետ սերտացման միտումներին, ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ պաշտոնական քայլեր չեն արձանագրվել։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ Հայաստանի հետ ԵԱՏՄ շրջանակներում շարունակվելու է կառուցողական երկխոսությունը։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է8 տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---