ԵԽ պատգամավորներ. ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը![]() 1 մայիսի 2025 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի անդամները, ելույթ ունենալով Վալենսիայում կայացած ԵԺԿ համագումարում, գնահատել են Հայաստանի՝ ԵՄ-ին միտված առաջընթացն ու տարածաշրջանային փոխհարաբերությունների կարգավորման ջանքերը։ Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարի ընթացքում ԵՄ խորհրդարանի պատգամավորներ Միրիամ Լեքսմանն ու Ռասա Յունկևիչյենեն բարձր են գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ու դեպի Եվրամիություն ընթանալու Հայաստանի ջանքերը, հայտնում է Արմենպրեսը։ Այս հայտարարությունները հնչել են ԵԺԿ համագումարի ընթացքում՝ «Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձևի ընդունման ժամանակ։ Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանն իր ելույթում շեշտել է, որ բանաձևի նպատակը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին աջակցություն տրամադրելն է՝ ուղղված դեպի ԵՄ ընթացող գործընթացներին։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանն՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունն իրենց երկրում և ցանկանում ենք հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի պահին։ Հետևաբար, մենք ցանկանում ենք խթանել տնտեսական ավելի ամուր համագործակցությունը և զարգացումն, ինչպես նաև աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնց կարիքը Հայաստանն ունի»,- ընդգծել է Լեքսմանը։ Նա հավելել է, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն արժևորում է Երևանի՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը։ «Մենք իսկապես գնահատում ենք Թուրքիայի հետ Հայաստանի կառուցողական երկխոսությունը՝ հատկապես այսօր, այս օրերին, երբ հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք տեսնում և գնահատում ենք Հայաստանի ջանքերը և առաջնորդությունն Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում՝ չնայած 2023 թվականի ռազմական հարձակմանը, որի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվեցին (խմբ․ նկատի է առնվում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունը և դրա հետևանքները)։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին անհապաղ և առանց նախապայմանների։ Եվ մենք նաև հիշեցնում ենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու՝ հայկական փոքրամասնության երաշխավորված իրավունքի մասին»,- իր ելույթում ընդգծել է Միրիամ Լեքսմանը՝ հորդորելով լիակատար աջակցություն հայտնել Հայաստանին՝ Եվրոպական Միություն տանող ճանապարհին։ Իր հերթին, ԵՄ խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Ռասա Յուկնևիչյենեն ԵԺԿ համագումարի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը, դարեր շարունակ Ռուսաստանին կապված մնալուց հետո, այժմ իր ուղին է փորձում գտնել դեպի Եվրոպա։ «Որոշ ուժեր մանիպուլացնում են այն նարատիվը, թե Եվրոպայում ոչ ոք հայերին չի սպասում։ Նրանք ասում են, որ Եվրոպական ինտեգրման օրենքի քննարկումից հետո Եվրամիությունից ոչ մի աջակցության ուղերձ չեն ստացել։ Մենք՝ ԵԺԿ-ն, ասում ենք, որ դա այդպես չէ։ Հայաստանը Եվրոպա է, և մենք ձեր կարիքն ունենք՝ վրացիների և Հարավային Կովկասի մյուս ժողովուրդների հետ միասին։ Քրիստոնեությունը պաշտոնապես առաջինը ճանաչած Եվրոպայի ամենահին պետությունը՝ Հայաստանը, վերադառնում է իր արմատներին։ Ցեղասպանություն վերապրած, իր տարածքի ու ժողովրդի մեծ մասը կորցրած այս ազգը ցանկանում է խաղաղ ապրել և հայտարարում է, որ Եվրոպան իր տունն է։ Մենք՝ ԵՄ-ն, պետք է ընդունենք հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցենք համագործակցության ամուր կամուրջներ։ Սա ոչ միայն հնարավորություն է Հայաստանի, այլև ամբողջ Սևծովյան տարածաշրջանի և մեզ՝ ԵՄ-ի համար»,- ելույթի ընթացքում ընդգծել է պատգամավորը։ Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է8 տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |