ԵԺԿ կոնգրեսը հրատապ բանաձև է ընդունել ՀՀ վերաբերյալ․ ՀՀԿ–ն այն քննադատել է

ԵԺԿ կոնգրեսը հրատապ բանաձև է ընդունել ՀՀ վերաբերյալ․ ՀՀԿ–ն այն քննադատել է

PanARMENIAN.Net - Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ընթացքում ընդունվել է «Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձև, որը ողջունել է երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, այդ թվում՝ ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ոլորտներում իրականացված բարեփոխումները, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերը:

Բանաձևը կարևորել է նաև Բաքվում պահվող հայերի ազատ արձակումը և Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը, հայտնում է Արմենպրեսը։

Բանաձևը հեղինակել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միրիամ Լեքսմանը (Սլովակիա) և Ռասա Յունկևիչյենեն (Լիտվա)։

Փաստաթղթում մասնավորապես ողջունվել է ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը նպատակ ունի Հայաստանը դարձնել տարածաշրջանային կապող հանգույց։

ԵԺԿ-ն բարձր գնահատական է տվել վերջերս ընդունված օրենքին, որը սահմանում է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացում ներգրավվածությունը։ Բանաձևում ընդգծվել է, որ շարունակական քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումները ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում մնում են առանցքային միջոցներ՝ ԵՄ-ին Հայաստանի մերձեցման ճանապարհին՝ ապագա անդամակցության հեռանկարով։ Միևնույն ժամանակ, ԵԺԿ-ն հիշեցրել է, որ Հայաստանն պետք է պահպանի եվրոպական բարձր չափանիշները՝ վկայակոչելով քաղբանտարկյալների ազատ արձակմանն աջակցող 2023 թվականի նոյեմբերի 13-14-ի բանաձևը։

ԵԺԿ-ն խրախուսել է Հայաստանի շարունակական առաջընթացը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործում՝ ընդգծելով հատկապես ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արված ձեռքբերումները՝ միաժամանակ հորդորելով խորացնել համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների հետ։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) 2024 թվականի օգոստոսին հայտարարված Հայաստանի մասնակցության կասեցումը և վերջերս Հայաստանի համար եվրոպական ուղու վրա դրված պարտավորությունները ստանձնող օրինագծի ընդունումը նշանավորում են երկրի աշխարհաքաղաքական ռազմավարության պատմական տեղաշարժը և եվրոպական ինտեգրման գործընթացում հետագա ներգրավվածության նվիրվածության հստակ նշաններ են: Այս շրջադարձային պահն արտացոլում է Հայաստանի պատրաստակամությունն՝ անջատվելու Կրեմլի «ուղեծրից» և հետապնդելու եվրոպական արժեքներին համապատասխան ապագա: ԵԺԿ-ն ճանաչում է այս տեսլականային քայլերը, որոնք ուրվագծում են ինքնիշխան, անվտանգ և ժողովրդավարական ապագա՝ անկախ նախկին կայսերական կախվածություններից»,- նշված է փաստաթղթում։

Բանաձևում անդրադարձ է եղել նաև Հայաստանի՝ տնտեսության ու առևտրային կապերի զարգացմանը միտված նախաձեռնություններին՝ ողջունելով ԵԱՏՄ-ից կախվածության նվազեցմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատի երկարաձգումը՝ որպես խաղաղության և անվտանգության խթանիչ գործոն։

«ԵԺԿ-ն նաև ողջունում է ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը՝ որպես երկրի ԵՄ-ի հետ ինտեգրման հաջորդ փուլ, որն անմիջականորեն բարելավում է երկու կողմերի միջև մարդկանց միջև շփումները։ ԵԺԿ-ն ողջունում է Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով աջակցելու որոշումը և խրախուսում է ԵՄ անդամ պետություններին շարունակել այս աջակցությունը»,- ասված է փաստաթղթում։

Բանաձևը շեշտել է նաև վերջին ամիսներին Հայաստանի կառավարության կողմից գործադրված կառուցողական ջանքերը՝ ուղղված Թուրքիայի հետ երկխոսությանը՝ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման նպատակով, ինչպես նաև Ադրբեջանի հետ շարունակվող բանակցային գործընթացին, չնայած 2023 թվականի ռազմական գործողություններից հետո ստեղծված դժվարություններին։

ԵԺԿ-ն իր բանաձևում կարևորել է Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակման անհրաժեշտությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ վերադարձի՝ էթնիկ հայերի երաշխավորված իրավունքը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարում Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևը։ Հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշումը, ըստ ՀՀԿ-ի, կապ չունի հայ ժողովրդի իրական ազգային շահերի հետ։

«Ակնհայտ է, որ այդ բանաձևի նախագիծը ստեղծվել է հակազգային օրակարգ սպասարկող Հայաստանի իշխող կուսակցության գրասենյակում, իսկ ԵԺԿ համագումարի օրակարգում է հայտնվել ԵԺԿ որոշ ազդեցիկ գործիչների անձնական լոբբինգի արդյունքում՝ առանց ԵԺԿ անդամ հանդիսացող հայաստանյան կուսակցությունների հետ նախնական քննարկման։ Նման գործելաոճը ոչ միայն դատապարտելի է, այլև ամբողջությամբ հակասում է ԵԺԿ սկզբունքներին և արժեքներին, որոնց մենք ականատես ենք եղել և մշտապես բարձր ենք գնահատել մեր անդամության տարիների ընթացքում։ Խախտվել են համերաշխության, թափանցիկության, ներառականության, գործընկերության՝ քաղաքական ընտանիքին հատուկ սկզբունքները։

Ինչ վերաբերում է ընդունված բանաձևի բովանդակությանը, ապա այն Հայաստանում իշխող ռեժիմի արկածախնդրության արտահայտումն է, ինչի մասին փայլուն գիտակցում են Եվրոպական Միության բարձրաստիճան ներկայացուցիչները, որոնք նույն ԵՄ հնարավոր ընդլայնման կապակցությամբ վերջին համաեվրոպական ընտրություններին խիստ զգուշավոր էին և զուսպ անգամ Բալկանյան եւ ՏՐԻՈ-յի երկրների անդամության գործընթացի վերաբերյալ։ Անընդունելի են նաև կրկնակի ստանդարտները, երբ ԵԺԿ-ն ուկրաինական պատերազմի դեպքում կտրուկ դեմ է արտահայտվում «պարտադրված խաղաղությանը», բայց աջակցություն է հայտնում Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի ներքո, Հայաստանի կողմից միակողմանի զիջումներով եւ ինքնիշխանության ոտնահարումով ձեւավորված այսպես կոչված «խաղաղության պայմանագրին»։

Հայաստանի գործող վարչախմբի կողմից ընդդիմության, մասնավորապես՝ ՀՀԿ անդամների նկատմամբ անթաքույց կերպով իրականացվող քաղաքական ճնշումների ֆոնին Հայաստանի ժողովրդավարացման մասին խոսույթը երկդիմի է և անպատվաբեր Եվրոպական Միության ամենախոշոր քաղաքական ընտանիքի համար։ Արցախյան հիմնախնդրի, Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների, Բաքվի բանտերում որպես պատանդ պահվող հայ գերիների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձեւում տեղ գտած կցկտուր ձեւակերպումները զգալիորեն զիջում են նույն ԵԺԿ պատգամավորների կողմից հեղինակված՝ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված մի շարք փաստաթղթերին»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ նման բանաձևի ընդունումը հակասում է նաև մինչ այսօր Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԵԺԿ կողմից արված հրապարակային գնահատականներին և ընդունված փաստաթղթերին։

 Ուշագրավ
---