Նախարարը՝ եվրապարտատոմսերի մասին․ Ամենաշատ ներդրողներ եղել են Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից

Նախարարը՝ եվրապարտատոմսերի մասին․ Ամենաշատ ներդրողներ եղել են Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ այս տարվա մարտին միջազգային կապիտալի շուկայում թողարկված 750 միլիոն դոլար ծավալով և 7.1 տոկոս եկամտաբերությամբ եվրապարտատոմսերն արձանագրել են զգալի հետաքրքրություն ներդրողների կողմից:

Նա նշել է, որ ներդրողների աշխարհագրությունը եղել է հիմնականում Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, հայտնում է Արմենպրեսը։

«Պահանջարկը գրեթե 3 անգամ ավելի մեծ է եղել, քան այն ծավալը, որ մենք թողարկել ենք: Նոմինալ առումով տոկոսադրույքը բավականին բարձր է, որովհետև շուկայում տոկոսադրույքները վերջին տարիներին էականորեն բարձրացել են, բայց սա նաև ցույց է տալիս ՀՀ միջազգային հեղինակությունն ու հետաքրքրությունը միջազգային ներդրումային ընկերությունների կողմից: Ներդրողների աշխարհագրությունը եղել է հիմնականում Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: Եվրոպան եղել է 14 տոկոս, Մեծ Բրիտանիան՝ 45 տոկոս, ԱՄՆ-ն՝ 34 տոկոս, Միջին Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան՝ 5 տոկոս»,–ասել է նա։

Թողարկված եվրապարտատոմսերի մարման վերջնաժամկետը սահմանվել է 10 տարի։ Այս թողարկումից ստացված զուտ միջոցներն ուղղվելու են պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։

«Մենք հաջողությամբ թողարկել ենք 750 մլն դոլար ծավալով եվրոբոնդ, տոկոսադրույքը՝ 7.1 տոկոս: Ուրախ ենք, որ սփրենդը, որը 2.86 տոկոսային կետ է կազմել, մեր վերջին թողարկման համեմատ գրեթե նույն մակարդակի է եղել (թողարկվել է 2021-ին, 2.84 տոկոսային կետ): Հատկնաշական է, որ շուկայի որոշակի փոփոխությունների արդյունքում մեր նման երկրների սփրեդը զգալիորեն աճել է: Մեր նման երկրները ավելի բարձր տոկոսադրույքներով են թողարկում: Երբ նայում ենք շուկային, ապա Ուզբեկստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Վրաստանի, Հորդանանի համեմատ՝ բավականին ցածր սփրեդ ունենք»,–ասել է նախարարը։

Նախարարը նշել է, որ 2025 և 2026 թվականներին նոր թողարկումներ չեն նախատեսվում։

Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում իրականացված եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն էր։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---