Վկա․ Զորամասը ռմբակոծությունից հետո շարքից դուրս էր եկել՝ 5 կրակմարիչ էլ լիներ՝ չէր հանգցնի հրդեհը

Վկա․ Զորամասը ռմբակոծությունից հետո շարքից դուրս էր եկել՝ 5 կրակմարիչ էլ լիներ՝ չէր հանգցնի հրդեհը

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Վարդան Հարությունյանի, կայացել է Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը։

Դատարանում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արգամ Գևորգյանը, որը զորամասում հերթապահության գծով տեղակալն է։ Վկան պատմել է, որ նշված զորամասում ծառայությունն ստանձնելու ժամանակ ինժեներասակրավորների վաշտը տեղակայված է եղել Ազատ գյուղում, զորամասն ահավոր վիճակում է եղել, ամբողջ Վարդենիս քաղաքում՝ բացազատված, հայտնում է «Փաստինֆոն»։

«Հակառակորդի ռմբակոծությունից հետո զորամասը շարքից դուրս է եկել, անվտանգությունն ապահով չի եղել, կարող էր խնդիրները կրկնվել։ Մեկ ամսվա ընթացքում աշխատանքներ են կատարվել, այդ ընթացքում խնդրել ենք մարդկանց՝ տարբեր տեղեր տեղակայել»,- նշել է Գևորգյանը։

Ազատ գյուղի կացարանն, ըստ վկայի, տեղակայված է եղել բնագծից 7 կմ հեռավորության վրա, գյուղի վերջին տունն էր. այն ամբողջությամբ փայտից էր, չէր համապատասխանում չափանիշներին։ Նկարագրելով կացարանը՝ վկան նշել է, որ մինչև մտնելը ձախից տեխնիկան էր՝ «Կամազ» ու տրակտոր, որոնք կցված էին ինժեներական վաշտին։

«Մուտքը փայտից էր, շուշաբանդը ևս փայտից էր հավաքած, ներսում ձախից զինանոցն էր, աջում՝ կացարանը: Հին փայտից տուն էր»,–ասել է նա։

Հարցին՝ կա՞ր հնարավորություն ավելի պատշաճ վայր տեղափոխել անձնակազմին՝ վկան պատասխանել է, որ զորամասում աշխատանքներ էին իրականացվում, պետք է ավարտից հետո տեղափոխեին, այլ հնարավորություն չկար, բնակիչներին են խնդրել, որ տեղ տրամադրեն։

Վերակարգից վկան տեղյակ չէ, կարծում է՝ վառարանը վառում էին փայտով, իսկ գիշերը ժամը 20։00-ից հետո վառարան միացնելու համար թույլտվություն պետք չէր, Վարդենիսում չէին կարող գիշերը չմիացնել, ցուրտ էր։ Դատական նիստում իրավիճակը լարվել է, երբ վկան հայտարարեց, որ կացարանում չի տեսել հակահրդեհային միջոցներ, բայց վստահ է, թե բոլոր տեղերում եղել են՝ երկուական։

«Չեմ նկատել, որովհետև խառն է եղել տները։ Տներ կան, որ տեսել եմ, որովհետև շենքի դեմն է եղել, իսկ տուն կար, որ եղել է մահճակալի կողքին․․․ Իրոք չեմ կարծում, որ ուզում է՝ հինգ հատ լիներ, մեկ է, այդ հրդեհը չէր հանգցնելու դա»,- նշել է վկան։

Դատական նիստն ընդմիջվել է։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։

 Ուշագրավ
---