Աթենքից ժամանած տղամարդու ուղեբեռում մոտ 200 մլն դրամի թմրամիջոց է եղել

Աթենքից ժամանած տղամարդու ուղեբեռում մոտ 200 մլն դրամի թմրամիջոց է եղել

PanARMENIAN.Net - Աթենքից Երևան ժամանած 52-ամյա քաղաքացու ուղեբեռում հայտնաբերվել են թմրամիջոցներ, որոնց ընդհանուր շուկայական արժեքը գերազանցում է 200 միլիոն դրամը։ Տղամարդը ձերբակալվել է, հայտնում է ՆԳՆ–ն։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող 52-ամյա մի տղամարդու ուղեբեռում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Տեղեկությունը փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտե՝ համապատասխան հսկողություն սահմանելու նպատակով։

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարող քրեական ոստիկանները, օպերատիվ տվյալները վերջնականապես իրացնելիս, համագործակցեցին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետ։

Արդյունքում՝ Աթենք-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսային զննման է ենթարկվել 52-ամյա տղամարդու ուղեբեռը։ Հայտնաբերվել են ընդհանուր 4000-ից ավելի «էքստզի» տեսակի թմրամիջոցի հաբեր, 970 գրամ կոկաին, 885 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, 5 գրամ նույն հաբի վնասված կտորներ, ինչպես նաև տարբեր գրառումներով 15 դեղապատիճ։ Հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցում է առնվազն 200 միլիոն դրամը։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---