ՄԻՊ․ Պետք է ստեղծել մեդիայի պաշտպանությանն ուղղված գործուն մեխանիզմներ![]() 3 մայիսի 2025 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով իր ուղերձում նշել է, որ անհրաժեշտ է մշակել և գործադրել այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն լրատվամիջոցների ազատ և անվտանգ գործունեությունը։ Նա նշել է, որ միևնույն ժամանակ, լրագրողական մասնագիտական գործունեությունը ևս պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներով։ «Այս օրը ևս մեկ առիթ է բարձրաձայնելու ձեր բարդ ու պատասխանատու առաքելության կարևորությունը և վերահաստատելու ձեր աշխատանքի բացառիկ նշանակությունը ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում: Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում հատուկ ընդգծել եմ լրատվական համայնքի ներկայացուցիչների անխոչընդոտ գործունեության կարևորությունը։ Այդ առումով մտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը։ Ընդգծում եմ, որ պետությունը պետք է հստակ և նպատակային քայլեր ձեռնարկի՝ լրատվամիջոցների բնականոն գործունեության համար բարենպաստ միջավայրի և լրագրողների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ։ Մասնավորապես, անհրաժեշտ է մշակել և գործադրել այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն լրատվամիջոցների ազատ և անվտանգ գործունեությունը, ինչպես նաև կկանխարգելեն լրագրողների իրավունքների խախտումները և կապահովեն պատասխանատվության անխուսափելիությունը նման դեպքերում։ Միևնույն ժամանակ, լրագրողական մասնագիտական գործունեությունը ևս պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին և պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան՝ բացառելով ատելության խոսքն ու խտրականությունն իր բոլոր դրսևորումներով։ Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հավաստիացնում եմ իմ պատրաստակամությունը` անելու առավելագույնը ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքի պաշտպանությունն ապահովելու համար։ Կրկին շնորհավորում եմ տոնի կապակցությամբ և մաղթում ձեզ արդյունավետ, ստեղծագործ և արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդման»,–ասվում է ուղերձում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |