Մարմարիկից մինչև Հրազդան համագյուղացիները, հարազատները, ոստիկաններն ու փրկարարները փնտրում են երկամյա Տիգրանին։ Նա կորել է մայիսի 4–ին։
Երեխայի հայրը՝ Նորայր Պետրոսյանը, հայտնել է, որ այս պահին դեռ ոչ մի լուր չունեն, գրում է Panorama.am-ը։
«Որևէ հետք, որևէ հուշող բան, ոչ մի կետ չկա, որ էդ կետի ուղղությամբ շարժվենք»,-նշել է հայրը։
Տիգրանի անհետացման հնարավոր պատճառների թվում քննարկվում է նաև այն, որ նա գուցե ընկել է տան մոտով հոսող Մարմարիկ գետը։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ հարակից խանութի տեսախցիկները չեն արձանագրել երեխայի գետն ընկնելու պահը։ Չնայած դրան, որոնողական աշխատանքներին մասնակցում են ոչ միայն ԱԻՆ փրկարարները, այլև փրկարար շներ ու ջրասուզակներ։
Մեկ այլ վարկած է շրջանառվում երեխայի առևանգման հնարավորությունը։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք կան կասկածելի անձինք, որոնք կարող էին երեխային տանել, հայրը արձագանքել է․ «Չեմ կարող ասել, ի՞նչ իմանամ, ընենց մարդիկ կան էս կյանքում, շատ իմանամ, ինչի են ընդունակ»։
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնել են, որ երեխայի անհետանալու վերաբերյալ ահազանգը ստացվել է մայիսի 4-ին՝ ժամը 11։52-ին։ Զանգահարողը եղել է փոքրիկի հորեղբայրը։
Նրա փոխանցմամբ, Մարմարիկ գյուղի 3-րդ փողոցում ապրող եղբոր երկուամյա երեխան կորել է բակից։
«Բնականաբար ահազանգին արագ արձագանքել են, հաղորդումից անմիջապես հետո մինչ այս պահը համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, Քրեական ոստիկանության Կոտայի մարզային վարչության ծառայողները, տարածքը սպասարկող հրշեջ փրկարարական ուժերը որոնողական աշխատանքներ են իրականացնում երկուամյա տղային հայտնաբերելու համար»,-ասել են ոստիկանությունից։