Սիմոնյան․ Եթե ուրբաթ օրը ՀՀ-ում ընտրություններ լինեն՝ ՔՊ-ն հաղթելու է՝ 50+1%-ով

Սիմոնյան․ Եթե ուրբաթ օրը ՀՀ-ում ընտրություններ լինեն՝ ՔՊ-ն հաղթելու է՝ 50+1%-ով

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ անգամ այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունն առաջինն է և ամենամեծ սատարումն ունի ՀՀ ժողովրդի շրջանում։

«Վստահ եմ, որ եթե ուրբաթ օրը ՀՀ-ում ընտրություններ լինեն՝ ՔՊ-ն հաղթելու է՝ 50+1 տոկոսով, իսկ 2026-ին հնարավոր է անգամ ավելի բարձր տոկոսով»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու Գյումրիում չհաղթեցին՝ Սիմոնյանը հորդորել է հանրապետական և տեղական ընտրությունները չհամեմատել և չափանիշ չընդունել։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի թիրախում՝ հատկապես Ռուսաստանի կողմից իրականացվող տարբեր մեխանիզմների միջոցով, հայտնում է Aysor.am-ը։

Նա ընդգծել է, որ, ըստ իր գնահատման, տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, հատկացվում են խոշոր ֆինանսական միջոցներ՝ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու նպատակով։

«Ես հասկանում եմ՝ մեծաքանակ փող է ծախսվում տարբեր տեղերից, մասնավորապես, հյուսիսային մեր հարևանի՝ ՌԴ կողմից։ Այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ, օրինակ, ռուսական հեռուստաալիքներով տարբեր մեկնաբաններ, հաճախ հեռու-հեռու հայկական ազգանունների նշմարում ունեցող մարդկանցով, փորձում են ՀՀ-ում իշխանություն փոխել, միտինգների անոնսներ անել, և դա, ասեմ, զգուշացնեմ՝ 2026թ․ ավելի է ակտիվանալու։ Եվ չեմ վախենում բարձրաձայնելուց՝ դա հակառակ ազդեցությունն է ունենալու, և ձեր ասած X վարկանիշը, որ ունի իշխանությունը, կրկնապատկելու է»,–ասել է նա։

Հարցին, թե արդյոք առկա է հեղաշրջման վտանգ, Սիմոնյանը վստահեցրել է, որ նման սպառնալիք չի տեսնում և դրա վերաբերյալ դիրքորոշումը հիմնված է իր անձնական փորձի վրա։

«Ես որևէ մեկի կողմից հեղաշրջման վտանգ չեմ տեսնում, որովհետև վստահում եմ ՀՀ ժողովրդին։ 2020թ. պատերազմի օրվանից սկսած՝ իշխանություն փոխելու նպատակը տարբեր բևեռներից ու կողմերից եղել է գերկարևոր նպատակ»,–ասել է նա։

Լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորված վարչապետի՝ որոշ ռուսաստանյան շրջանակների համար անցանկալի լինելու փաստը, ԱԺ նախագահը նշել է՝ իրենց տրամադրվող տեղեկատվությունը դրան չի համընկնում։

«Մեզ հակառակն են ասում մեր գործընկերները»,–նշել է նա։

Ի պատասխան հարցի՝ եթե այդպես է, ինչու է իշխանափոխության մասին ակտիվ խոսվում, Սիմոնյանը դա կապել է հետխորհրդային տարածքում ժողովրդավարական ընտրություններով իշխանություն ձևավորելու փորձի հետ։

«Շատ վատ օրինակ կա՝ ետխորհրդային տարածքում ընտրված իշխանություն ունենալու տարբերակը։ Նման նախադեպերը շատ քիչ են, և դա վատ օրինակ է։ Եւ երկրորդ՝ ՀՀ-ն, պատմական իրադարձությունների բերումով, իր պետականության և անկախության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ հստակ քայլեր է անում, ինչը, բնականաբար, ոչ բոլորին է դուր գալիս, որովհետև ՀՀ-ն պետք է միշտ ինչ-որ կենտրոնից կախված լինի, պետք է որևէ դեմքով մեծ եղբայր ունենա և նայի ու մտածի՝ մեծ եղբայրը կամ գերտերությունը եթե չլինի, կուտեն, կուլ կտա»։

 Ուշագրավ
---