Ղազարյան. Փաշինյանին անվստահություն հայտնելու նամակներին գրավոր պատասխանել է 2 պատգամավոր

Ղազարյան. Փաշինյանին անվստահություն հայտնելու նամակներին գրավոր պատասխանել է 2 պատգամավոր

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանը հայտնել է, որ ստացված նամակներին գրավոր արձագանքել է միայն երկու պատգամավոր՝ երկուսն էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Խոսքը Թագուհի Ղազարյանի և Վահագն Ալեքսանյանի մասին է, հայտնում է «Փաստինֆոն»։

«Ընդհանուր առմամբ՝ երկուսն էլ ասում են, որ իրենք չեն պատրաստվում անվստահության գործընթաց սկսել։ Թագուհի Ղազարյանը ավելի զուսպ է իր գնահատականներում. նա փորձել է հիմնավորել, թե ինչու կառավարությանը և վարչապետին անվստահություն հայտնելու հիմքեր չկան։ Վահագն Ալեքսանյանը ավելի հեգնական տոնով է պատասխանել՝ խոսելով Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին, մինչդեռ այս գործընթացի հետ ոչ Ռոբերտ Քոչարյանը կապ ունի, ոչ էլ Սերժ Սարգսյանը։ Շատ անմիտ բովանդակությամբ պատասխան է եղել»,- ասել է Ղազարյանը։

Նա նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, մինչդեռ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռևս որևէ արձագանք չի տվել։

Ըստ Ղազարյանի՝ իրենք հետևել են պատգամավորների հարցազրույցներին տարբեր լրատվամիջոցներում և չեն կարող կանխատեսել՝ որևէ պատգամավոր ստանձնելու է գործընթացը սկսելու նախաձեռնությունը, թե ոչ։

«Հետևում ենք խմբակցության պատգամավորների՝ տարբեր լրատվամիջոցներին տրվող հարցազրույցներին։ Կստանձնե՞ն գործընթաց սկսելու առաքելությունը, թե ոչ՝ չգիտեմ։ Մեր ակնկալիքները ոչ թե խմբակցություններից են, այլ կոնկրետ բոլոր 107 պատգամավորներից»,- նշել է Էդգար Ղազարյանը։

Երբ հարց է ուղղվել, թե արդյոք, ՔՊ-ից առնվազն 20 պատգամավորի աջակցությունը չստանալու պարագայում գործընթացը դատապարտված է ձախողման, Ղազարյանը դա անվանել է անհիմն կարծիք։

«Այն մարդը, ով այդ կարծիքն է հայտնում, չի կարդացել Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, տեղյակ չէ, թե անվստահությունն ինչ ձևերով է դրսևորվում և ինչ զարգացումներ կարող են լինել, ու միանգամից խոսում է ձախողման մասին։ Սա նշանակում է, որ այդ մարդը չի կարդացել ՀՀ Սահմանադրությունը, որ իմանա՝ որ դեպքերում է սկսվում անվստահության գործընթացը, որոնք կարող են լինել դրա հիմքերը, ինչ կապ ունի այստեղ ՔՊ-ականը կամ այլ խմբակցությունից որևէ պատգամավոր։ Այսինքն՝ քաղաքականապես չի պատկերացնում խնդիրը։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե եթե անվստահության գործընթացը ձախողվի, ապա միայն 6 ամիս անց կարելի է նորից հարցին անդրադառնալ, ապա դա վերաբերում է միայն այն դեպքին, երբ նախագիծը արդեն դրվել է քվեարկության։ Քվեարկություն տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ նախաձեռնության հեղինակները՝ առնվազն 36 պատգամավոր, նախագիծը հանձնում են Ազգային ժողովի նախագահին։ Եթե նույնիսկ թղթի վրա կա 50 ստորագրություն, բայց հեղինակները չեն հանձնում նախագիծը ԱԺ նախագահին, ապա քվեարկություն չի կազմակերպվում։

Եթե նախաձեռնության հեղինակը գիտի, որ իր նախաձեռնությանն անհրաժեշտ է 54 կողմ ձայն, բայց թղթի վրա ունի միայն 50 ստորագրություն, հո հիմա՞ր չէ, որ այդ թուղթը հանձնի։ Դա պետք է անել այն ժամանակ, երբ կլինի օրինակ՝ 60 ստորագրություն։ Իսկ այդ 60 ստորագրությունը ունենալու համար նախ պետք է լինի առաջինը՝ մեկ պատգամավոր։ Հետո կգա երկրորդը, հետո կմիանան ևս 20-ը, հետո 10 հոգի, հետո մյուսները։ Բայց որպեսզի այդ գործընթացը սկսվի, պետք է որևէ մեկը այն մեկնարկի»,–ասել է Ղազարյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է վստահ, որ ՔՊ-ից կարող է որևէ պատգամավոր միանալ նախաձեռնությանը՝ նույնիսկ այն պարագայում, երբ ընդդիմության առաջարկած նախագծերը մերժվում են, Ղազարյանը նշել է մի քանի դեպք, երբ ՔՊ-ականները աջակցել են ընդդիմության առաջարկներին։

«Սեյրան Օհանյանը գնաց, հանդիպեց Հայկ Կոնջորյանի հետ, բանակցեց, որպեսզի ՔՊ-ականները անհրաժեշտ թվով ձայներ տան։ Բա հիմա Սեյրան Օհանյանը չի՞ ուզում գնա, հանդիպի Հայկ Կոնջորյանին, խոսի, բացատրի մեր երկրի սահմանադրական կարգը»,–ասել է նա։

Երբ նրան հարցրել են, թե ինչու է ակնկալում նման քայլ միայն «Հայաստան» խմբակցությունից, եթե արդեն հայտարարվել է իրենց աջակցությունը, Ղազարյանը պատասխանել է, որ նախաձեռնության հասցեատերերն անձնական են եղել, ոչ խմբակցային։

«Սեյրան Օհանյանը կանի, թե մյուս պատգամավորները, էական չէ։ Ես ասում եմ, որ մենք երբ նամակներ ենք գրել, պատգամավորներին ոչ խմբակցության անունն ենք գրել, ոչ պաշտոն, ոչ սեռ։ Չենք գրել՝ հարգելի տիկին այսինչյան, գրել ենք պարզապես՝ պատգամավոր։ Կարևոր չէ՝ ով կանի, կարևորն այն է, որ որևէ մեկը անի»,- եզրափակել է Էդգար Ղազարյանը։

«Հայաստան» խմբակցությունը միաձայն վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու իր 28 պատգամավորի ստորագրությունները վարչապետին անվստահություն հայտնելուգործընթացի մեկնարկի համար, եթե այն նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։ Այդ մասին ասվում է խմբակցության տարածած հայտարարության մեջ։

 Ուշագրավ
---