Ադրբեջանցիները շարունակում են պղծել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի տապանաքարերը

Ադրբեջանցիները շարունակում են պղծել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի տապանաքարերը

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ի տարածված տեսանյութում երևում է, որ կրկին վնասել, պղծել են օկուպացված Ստեփանակերտում գտնվող եղբայրական գերեզմանոցի տապանաքարերը։

Տեսագրության մեջ պարզ երևում է, որ մի քանի շիրմաքարի վրա միտումնավոր փորագրված են ազատամարտիկների դեմքերից հատվածներ՝ մասնավորապես աչքերն ու բերանը։ Որոշ տապանաքարեր էլ կոտրված են, հայտնում է Monument Watch անկախ ակադեմիական հարթակը:

Ստեփանակերտի հուշահամալիրը Արցախի ամբողջական օկուպացիայից հետո հայտնվել է ոչնչացման վտանգի տակ: Բազմաթիվ տեսանյութերում օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցիները կոչ են անում վերացնել այս հուշահամալիրը:

Հայկական մշակութային ժառանգության՝ այդ թվում գերեզմանոցների պղծումը հակասում է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը։ Այդ որոշման համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի կանխի և պատժի հայկական մշակութային արժեքների դեմ կատարվող ցանկացած վանդալիզմ կամ պղծում, ներառյալ եկեղեցիները, հուշարձանները, գերեզմանոցները և պատմամշակութային այլ վայրերը։

Եվրոպական խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունած բանաձևում իր 19-րդ կետով դատապարտել է հայկական ներկայությունը վկայող բոլոր մշակութային վայրերի հանդեպ իրականացված վանդալիզմը, ոչնչացումը և պղծումը։

Ավելին՝ գերեզմանոցների պղծումն համարվում է պատերազմական հանցագործություն՝ համաձայն Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի։ Ըստ դրա՝ պատերազմական հանցագործություն է դիտավորյալ հարձակում իրականացնելը մշակութային, կրոնական, կրթական կամ բժշկական նշանակության վայրերի վրա, եթե դրանք չեն ծառայում ռազմական նպատակների։

Այս գործողություններով Ադրբեջանը նաև խախտում է 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, որը պարտադրում է կողմերին հարգել իրենց և մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ վայրերի օգտագործումը ռազմական նպատակներով և հրաժարվելով որևէ թշնամական գործողությունից դրանց նկատմամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---