Խանդանյանը՝ ԵԺԿ բանաձևի քննարկմանը ընդդիմության վարքի մասին. Նրանք պայքարում էին ՀՀ շահերի և ՀՀ-ի դեմ![]() 6 մայիսի 2025 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն իր ելույթի ընթացքում անդրադարձել է մի թեմայի, որն իր խոսքով, վերջին օրերին դարձել է հանրային ու քաղաքական քննարկումների առանցք: Խոսելով ԵԺԿ բանաձևի քննարկման ժամանակ ՀՀ ընդդիմության ներկայացուցիչների պահվածքի մասին՝ Խանդանյանն ասել է, որ «նրանք պայքարում էին ՀՀ շահերի և ՀՀ-ի դեմ»։ Խանդանյանն ասել է, թե բոլորին ծանոթ է իսպանական ամոթ հասկացությունը, սակայն ընդգծել է, որ մեկ այլ բնույթ է ստանում, երբ այդ ամոթն ապրվում է հենց Իսպանիայում, հայտնում է 1lurer.am-ը։ Նա հիշեցրել է, որ անցած շաբաթ Իսպանիայի Վալենսիա քաղաքում անցկացվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարը՝ համարվելով այդ քաղաքական միավորման ամենամեծ հավաքը Եվրոպայում, որին մասնակցելու հրավեր են ստացել Եվրանեսթ-ի խորհրդարանական պատվիրակության կազմում ինքն ու պատգամավոր Մարիա Կարապետյանը։ «ԵԺԿ-ն Հայաստանում ունի երկու ասոցացված դիտորդ անդամներ՝ ՀՀԿ-ն և «Ժառանգություն» կուսակցությունը, որոնց ներկայացուցիչները նույնպես մասնակցում էին այդ կոնգրեսին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշում եք՝ այդպիսի քաղաքական գործիչ կար, որը 2013-ին Սերժ Սարգսյանի հիմնական քաղաքական մրցակիցն էր, հետո հանուն Սերժ Սարգսյանի աղոթեց Ծիծեռնակաբերդում Վովա Գասպարյանի հետ, հետո 2017-ին Քոչարյանի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դաշնակիցն էր: Այդ քաղաքական գործիչը կա և ներկայացնում էր իրենց կուսակցությունը այդ համագումարին»,- հայտարարել է Խանդանյանը։ Նրա պնդմամբ՝ համագումարին մեկնելուց առաջ իրենք տեղեկացել են, որ մի խումբ եվրոպացի պատգամավորներ պատրաստվում են ներկայացնել Հայաստանի վերաբերյալ բանաձև, որի բովանդակությանն իրենք ծանոթացել են մինչև մեկնելը։ Ըստ Խանդանյանի՝ բանաձևն ունեցել է դրական բովանդակություն՝ անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման, ՍԵՊԱ-ի իրագործման, տնտեսական համագործակցության զարգացման, վիզային երկխոսության, տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման, գերիների ազատ արձակման և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին դրույթներին։ Խանդանյանն ընդգծել է, որ այդ ամենից հետո Վալենսիայում եվրոպացի գործընկերները իրենց զարմացած տեղեկացրել են, թե հայ գործընկերները փորձել են այդ բանաձևը հանել օրակարգից։ Նրա խոսքով՝ այդ պահն էլ դարձել է իսկական «իսպանական ամոթի» դրսևորում, քանի որ չկար որևէ հիմնավորում, թե ինչու պետք է ընդդիմադիրները փորձեին խոչընդոտել նման բնույթի բանաձևի ընդունումը։ Խանդանյանը նշել է, որ տվյալ քննարկումը փակ բնույթ է կրել, ուստի չի կարող հրապարակել Րաֆֆի Հովհաննիսյանի և Հայկ Մամիջանյանի արտահայտած կարծիքները։ Նրա խոսքով՝ «դա խայտառակություն էր»։ «Նրանք ուղղակիորեն պայքարում էին ՀՀ շահերի և ՀՀ-ի դեմ»,- շեշտել է Խանդանյանը՝ տեղեկացնելով, որ, ի վերջո, բանաձևն ընդունվել է՝ գրեթե միաձայն, ընդամենը երեք ձեռնպահ ձայնով։ Նա հավելել է, որ իրենց եվրոպացի գործընկերները հայտնել են, թե ընդդիմադիրները դիմել են նրանց՝ խնդրելով դեմ քվեարկել, սակայն այդ քայլը հաջողությամբ չի պսակվել։ «Հիմա ամբողջ Հանրապետական կուսակցությունով, Հայկ Մամիջանյանով, Արմեն Աշոտյանով, մերժված Սերժ Սարգսյանով լծվել են այդ բանաձևը դատապարտելու գործընթացին, ասում են՝ այդ բանաձևը գրվել է ՔՊ գրասենյակներում: Շատ տարակուսելի է այդ պնդումը»,- հավելել է Խանդանյանը։ Պատասխանելով ընդդիմության պնդումներին՝ թե իրենց հաջողվել է փոփոխություն մտցնել բանաձևում, Խանդանյանը պարզաբանել է, որ նրանց հաջողվել է միայն հանել մի նախադասություն, որում նշվում էր ԵԺԿ-ի աջակցությունը Նիկոլ Փաշինյանի՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությանը։ «Սա իսկապես նրանց հաջողվեց»,- ընդգծել է Խանդանյանը՝ հավելելով, որ ընդդիմադիրները նաև կարողացել են բանաձևում ներառել հղում, որտեղ հիշատակվել է «Արմեն Աշոտյան» անունը։ Խանդանյանը համոզմունք է հայտնել, որ ընդդիմության նման վարքագիծն այսօր միայն ամոթի հարց չէ, այլ վերածվել է ազգային անվտանգության սպառնալիքի։ Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարը վերջերս ընդունել է Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև։ԵԺԿ-ն իր բանաձևում խրախուսել է Հայաստանին շարունակել իր առաջընթացը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման գործում, ներառյալ ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում ձեռքբերումները՝ միաժամանակ ձգտելով ավելի սերտ համագործակցության ԵՄ անդամ պետությունների հետ: ԵԺԿ-ն նաև հիշեցրել է Բաքվում մնացած հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակման անհրաժեշտության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ՝ էթնիկ հայերի վերադարձի երաշխավորված իրավունքի մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |