Մամիջանյան. Եթե Քոչարյանը դառնա վարչապետի թեկնածու, մենք կսատարենք

Մամիջանյան. Եթե Քոչարյանը դառնա վարչապետի թեկնածու, մենք կսատարենք

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով վարչապետի իմպիչմենտի շուրջ խոսակցություններին, ասել է, որ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվի վարչապետի թեկնածու, իրենք կսատարեն։

Նա անդրադարձել է նաև տեսակետին, թե իմպիչմենտի վերաբերյալ ԱԺ պատգամավորներին նամակներ ուղարկած Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանն ուղղորդվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, հայտնում է Auroranews.am-ը։

«Ում ուզում է լինի, Հանրապետականը երբ ասելիք է ունենում, ասում է ուղիղ ու պատասխանատվություն է կրում ասելիքի համար։ Մենք երբեք միջնորդավորված ոչ մեկի հետ չենք խոսել՝ ի տարբերություն որոշ ուժերի, որ 7 տարի շարունակ ֆինանսավորել են այս կամ այն պադվալներից, տարբեր գրասենյակներից վարձու գործիչների։ Չնայած՝ գործիչների չէ, գործիքների, Հանրապետականի դեմ»,– նշել է պատգամավորը։

Մամիջանյանը շեշտել է, որ նման գործողություններ իրականացնող անձանց զգալի մասը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի համակիր։

Մամիջանյանն անդրադարձել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ եթե առաջիկա օրերին ընտրություններ լինեն, ՔՊ-ն էլի հաղթելու է 50+1 տոկոսով, իսկ 2026-ին հնարավոր է անգամ ավելի բարձր տոկոսով։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ վիճակագրություն ունի՝ ՀՀ ամեն 3-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։

«Այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլինի՝ սուս մնան։ Եթե պարոն Սինոնյանը հպարտանում է այս կամ այն սոցիոլոգիական հարցումներով, այդ նույն հարցումներով իր վարկանիշը, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանի վարկանիշի կողմերն է, թող շարունակի դրանով հպարտանալ»,– ասել է Մամիջանյանը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ անգամ այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունն առաջինն է և ամենամեծ սատարումն ունի ՀՀ ժողովրդի շրջանում։ Այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու Գյումրիում չհաղթեցին՝ Սիմոնյանը հորդորել է հանրապետական և տեղական ընտրությունները չհամեմատել և չափանիշ չընդունել։

 Ուշագրավ
---