Միրզոյան․ Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքը եղել է ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում![]() 8 մայիսի 2025 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմնարար դրույթը մշտապես արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի տարբեր փուլերում։ Նա այդպես է պատասխանել ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչած քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը: «Ես ստիպված եմ արձանագրել մի բան, որը մի կողմից շատ հանրահայտ փաստ է, մյուս կողմից համապատասխան պաշտոնյաները մեզ տևական ժամանակ համառորեն չեն ուզել ասել՝ երևի, որ տրամադրությունները չընկնի: Եվ այդ փաստը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԽՍՀՄ կազմալուծման գործընթացի հետ գրեթե միաժամանակ Ալմաթիի հռչակագրի ստորագրմամբ ՀՀ–ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով: Ավելին՝ փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու այս հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում հենց սկզբից և արտահայտված է բոլոր նշանակալի փաստաթղթերում, այդ թվում և Մադրիդյան սկզբունքներում»,–ասել է Միրզոյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նախարարը նաև հավելել է, որ Մադրիդյան սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականության սկզբունքն է, մինչդեռ ինքնորոշման իրավունքը դիտարկվել է այդ սկզբունքի սահմաններում։ Միրզոյանը ընդգծել է, որ նույն սկզբունքը, համաձայն Ալմաթիի հռչակագրի տրամաբանության, արտացոլված է նաև հետագա բանակցային փաստաթղթերում ու տարբեր ձևաչափերով անցկացված հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններում, ներառյալ 2022թ. Պրահայի քառակողմ հայտարարությունը։ Այդ սկզբունքը, ըստ նրա, ամրագրված է նաև 2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված և արդեն ուժի մեջ մտած Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգում։ «Այդ նույն սկզբունքն արտահայտված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում»,–եզրափակել է նախարարը։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |