Վարչապետի աշխատակազմ. Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել

Վարչապետի աշխատակազմ. Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել

PanARMENIAN.Net - Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։ Այդ մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից, տեղեկացնում է Factor.am-ը։

Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ Բաքվից ևս Երևանին են ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտումների մասին համապատասխան տեղեկություններ։

«Տեղեկությունները հայկական կողմը հետաքննել է և հետաքննության արդյունքների մասին տեղեկանք է փոխանցել ադրբեջանական կողմին»,–հաղորդել են վարչապետի աշխատակազմից։

Միաժամանակ Փաշինյանի գրասենյակից չեն հստակեցրել՝ ադրբեջանական կողմը տեղեկություն է տրամադրել իր կողմից կատարված խախտումների վերաբերյալ, թե՝ հայկական կողմի հնարավոր խախտումների մասին։

Մարտի 14-ից սկսած, երբ հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, ադրբեջանական կողմը շարունակաբար և գրեթե ամեն օր մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ Զինված ուժերի հասցեին՝ հայտարարելով, թե հայկական կողմը կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր նման հաղորդագրությունները՝ դրանք համարելով ապատեղեկատվություն և հիշեցնելով, որ Հայաստանն առաջարկել է ստեղծել հրադադարի խախտումների համատեղ արձանագրման մեխանիզմ, ինչը Ադրբեջանը չի ընդունել։

Վերջին ժամանակահատվածում, մասնավորապես, ադրբեջանական կողմը պարբերաբար թիրախավորել է Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ բնակավայրերը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են ադրբեջանական կրակոցների արդյունքում վնասված տներն ու համայնքային նշանակության շինությունները։

 Ուշագրավ
---