Աշոտյան․ Նախկին նախագահների հետ պետք էր խոսել պատերազմի ժամանակ

Աշոտյան․ Նախկին նախագահների հետ պետք էր խոսել պատերազմի ժամանակ

PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, շեշտել է, որ նախկին նախագահների հետ պետք էր երկխոսություն հաստատել 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ նրանք պատրաստ են եղել ի շահ Արցախի, Հայաստանի ու Հայրենիքի, հանդիպել իր հետ։

Աշոտյանը նշել է, որ ինքը պատրաստ է բանավիճել։

«Նիկոլ, թարգիր լկստված դեռահասի հիստերիկ նոպաներով նախկին նախագահներին «եկեք բանավիճենք» չռեալիզացված ֆանտազիա առաջարկել։ Նախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը, ոչ թե այդ ընթացքում նրանց հետապնդել, վայրահաչել, կալանավորել և քրգործեր հարուցել։

Նախկին ղեկավարների հետ պետք էր հանդիպել 44-օրյայի ընթացքում, երբ նրանք, մի կողմ դնելով բոլոր միջանձնային եւ քաղաքական տարաձայնությունները, հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն Հայրենիքի պատրաստ էին նույնիսկ այդքանից հետո քեզ նմանի հետ հանդիպել։

Հիմա ուշ է, շատ ուշ։ Բոլոր երեք նախագահների համար էլ դու քաղաքական բորոտ ես, զզվանք առաջացնող ոչ մի բան։ Դու ոտքից գլուխ փչացած ես, ռուսերեն ասած՝ нерукопожатный: Քեզ հետ շփվելը ամոթ է: Կողքիդ կանգնելը՝ ամոթ է։ Քեզ նման ղեկավար ունենալն ամոթ է։ Նախկին նախագահների հետ քո բանավիճելու կապրիզը ոչ ոք չի բավարարելու»,–գրել է նա։

Նա նշել է, որ նույնիսկ միջնադարյան ասպետական մենամարտերը եւ ազնվական դուելները ենթադրում էին կողմերի հավասարություն՝ անգամ մահվան ելքով մարտահրավեր նետելու իրավունքը արտոնություն է, պատիվ։

«Հիմա կասես, բա այդ դեպքում խի՞ ես դու՝ Աշոտյան Արմենը, ում 2 տարի հանիրավի անազատության մեջ եմ պահում, պատրաստ ինձ հետ բանավիճել։ Կրկնեմ, Նիկոլ. ես զզվող չեմ, ես նախագահ չեմ և քեզ բովանդակային ոչնչացնելու համար ես էլ եմ հերիք»,–գրել է Աշոտյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ նախկին նախագահներին, կրկին հորդորել է նրանց խոսել ուղիղ եթերում։

«Լևոն Տեր-Պետրոսյա՛ն, Ռոբերտ Քոչարյա՛ն, Սերժ Սարգսյա՛ն, հերիք է գնաք, մութ անկյուններում խոսեք, բան ունե՞ք ասելու, եկե՛ք գնանք ուղիղ եթերում խոսենք»,–ասել է նա։

 Ուշագրավ
---