2018-2024 թթ․ պետբյուջե է վերադարձվել $536 մլն-ի գույք և դրամական միջոց![]() 8 մայիսի 2025 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը նախապես քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Դեռևս մարտի 31-ին հաղորդումն ուղարկվել է ԱԺ և հրապարակվել դատախազության պաշտոնական կայքում։ Անդրադառնալով պետությանը վերադարձված գույքին ու միջոցներին՝ գլխավոր դատախազությունը ներկայացրել է վերլուծություն՝ 2018-2024 թթ․ գրանցված վերականգնումների վերաբերյալ, որի համաձայն այդ ընթացքում պետությանն է վերադարձվել 536 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց, որից միայն 2023-2024 թվականներին՝ մոտ 247 միլիոն դոլար։ Վարդապետյանը հայտնել է, որ այս ընթացքում նախաքննական մարմիններն արգելանք են դրել ավելի քան 2.6 միլիարդ դրամի գույքի վրա։ Ըստ դատախազության տվյալների՝ 2018-2024 թթ․ ավարտված վարույթներով ընդհանուր արգելադրվել է ավելի քան 42 միլիարդ դրամի գույք։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի կիրառման արդյունքում՝ 2021-ից մինչև 2025 թվականի ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է հայտնվել 147 հայցադիմում, որոնցով արգելանք է դրվել հսկայածավալ՝ մոտ 536 միլիարդ դրամի, անշարժ ու շարժական գույքի, բաժնետոմսերի ու իրավունքների վրա։ 2024 թվականին ներկայացվել է ապօրինի գույքի բռնագանձման 44 հայց, որոնց պահանջը կազմում է 96 միլիարդ դրամ։ Դրանցով բռնագանձման ենթակա են հարյուրավոր գույքեր և բաժնետոմսեր։ Նույն թվականին կնքվել է չորս հաշտության համաձայնություն, որոնցով ՀՀ-ին է փոխանցվել 2 միլիարդ դրամ արժողությամբ գույք, ինչպես նաև մոտ 859 միլիոն դրամ, որից 515 միլիոնը փոխանցվել է մինչև տարվա ավարտը։ 2024-ին օրինական ուժի մեջ է մտել նաև մեկ որոշում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ամբողջական բավարարումով։ Ըստ դրա՝ ՀՀ-ին են գրանցվել երկու անշարժ գույք Երևանում և Կոտայքում, գումարային վերականգնումն էլ կազմել է մոտ 57 միլիոն դրամ։ Ըստ գլխավոր դատախազի ներկայացրած տեղեկատվության՝ նախորդ տարում նախաքննության մարմիններն ավարտին են հասցրել 38,058 քրեական վարույթ, ինչը 4662-ով կամ 14%-ով գերազանցել է 2023 թվականի ցուցանիշը։ Դատարան է ուղարկվել մեղադրական եզրակացությամբ 11,801 գործ՝ 13,179 անձի վերաբերյալ, ինչը 40.6%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Միաժամանակ, կարճվել է 5.1%-ով ավելի վարույթ։ Քրեական վարույթների մոտ 42%-ը քննչական մարմիններն ավարտել են մինչև երկու ամսվա ընթացքում, իսկ 21.5%-ը՝ չորս ամսվա, 15%-ը՝ վեց ամսվա ընթացքում։ Պետությանը և համայնքներին պատճառված վնասի չափը 2024 թվականին կազմել է մոտ 42 միլիարդ դրամ կամ 107 միլիոն 389 հազար դոլար, որն արդեն վերականգնվել է։ Դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ ընդգրկելով 10,691 անձ։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 93.5%, իսկ արդարացման դատավճիռների թիվը՝ ընդամենը 1.8%։ Դատարաններում քննված գործերով պատճառված վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն դրամ, իսկ վերականգնված գումարը՝ 210 միլիոն դրամ։ Վերլուծվել են նաև «Ընդերքի մասին» օրենքի խախտումներով հարուցված վարույթները՝ որոնցով միայն 2024-ի առաջին կիսամյակում պարզվել է մոտ 514 միլիոն դրամի վնաս։ Դատախազությունը տարբեր գերատեսչություններին առաջարկներ է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ՝ կանխելու ապօրինի հանքարդյունահանումը։ Ամփոփելով զեկույցը՝ Աննա Վարդապետյանը շեշտել է, որ 2024-ին վերականգնված գույքի և դրամական միջոցների համախառն արժեքը կազմել է մոտ 134 միլիոն դոլար, որը 20 միլիոնով գերազանցում է նախորդ տարվա արդյունքին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |