Գյուլումյան․ ՀՀ–ում պոպուլիզմի հետևանք են ՄԻԵԴ-ում հայաստանցի դատավորների դիմումները

Գյուլումյան․ ՀՀ–ում պոպուլիզմի հետևանք են ՄԻԵԴ-ում հայաստանցի դատավորների դիմումները

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախկին անդամ, ՄԻԵԴ-ի նախկին դատավոր և ՀՀ դատավորների միության նախագահի առաջին տեղակալ Ալվինա Գյուլումյանը Երևանում անցկացվող Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է, որ պոպուլիզմը Հայաստանում որոշակի արդյունքների հասավ, որի հետևանք են ՄԻԵԴ-ում հայաստանցի դատավորների դիմումները։

«Տարիներ առաջ, երբ ԵԽ-ում նախագահում էր Ֆրանսիան, ԵԽ անդամ երկրների բարձրագույն դատարանների ներկայացուցիչները հրավիրվել էին Փարիզ և հանդիպում ունեցան նախագահ Մակրոնի հետ։ Նա ասաց՝ այսօրվա Եվրոպայում պոպուլիստ քաղաքական ուժերը փորձում են հարվածի տակ են դնել դատական իշխանությանը, որը իհարկե, մենք թույլ չենք տա։ Բայց այդ պոպուլիզմը Հայաստանում որոշակի արդյունքների հասավ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նրա համոզմամբ՝ այսօր դրա հետևանքով Հայաստանը ՄԻԵԴ-ում ունի հայցեր դատավորների պաշտոնավարման հետ կապված։

«Ունենք արդեն արդյունք գրանցած, երբ դատավորի դիմումը ՄԻԵԴ-ը հիմնազուրկ չհամարեց ու խախտում արձանագրեց»,- ասել է Գյուլումյանը։

Միության փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ համաժողովը կարող է ունենալ որոշակի դրական արդյունք ոչ միայն ազգային միությունների կայացման, արդյունավետության բարձրացման, այլև դատավորների անկախության իրական ապահովման, դատարանների նկատմամբ վստահության բարձրացման։

«Մեր երկում մենք այդ վստահության մակարդակի բարձրացման խնդիրն ունենք»,-ասել է նա։

 Ուշագրավ
---