Զինծառայողներին պարգևավճար տալու գործընթացում խնդիրների լուծման նախագիծ է ներկայացվել

Զինծառայողներին պարգևավճար տալու գործընթացում խնդիրների լուծման նախագիծ է ներկայացվել

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշումներից մեկի փոփոխության նախագիծ, որը կոչված է լուծելու զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած իրավակիրառ պրակտիկայի խնդիրները։

Փաստաթղթով առաջարկվում է հստակեցնել մի շարք իրավական կարգավորումներ։

Մասնավորապես՝ ա) շարքային կազմի այն զինծառայողը, ով զորակոչով պարտադիր զինվորական ծառայություն է անցկացնում ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում (ներառյալ ռազմաուսումնական հաստատության կուրսանտները), համարվում է ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձ, եթե հաշմանդամ ճանաչվել է ծառայության ընթացքում կամ դրա ավարտից հետո՝ ստացած վնասվածքի կամ առաջացած հիվանդության պատճառով։

բ) այն քաղաքացիները, ովքեր ստանում են աշխատանքային կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստ, կարող են միաժամանակ ստանալ նաև 5000 դրամ պարգևավճար՝ մարտական գործողություններին մասնակցության, և 15,000 դրամ՝ «Մարտական խաչ» շքանշանի համար սահմանված կարգով։

գ) այս պարգևավճարը տրվում է այն օրվանից, երբ ստացվում է մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացվում է երեք ամսվա ընթացքում։

դ) վճարման հիմք են հանդիսանում ՀՀ-ում մարտական գործողություններին մասնակցությունը հաստատող վկայականը կամ դրա հավաստման այլ պաշտոնական փաստաթուղթ։

ե) ԽՍՀՄ զինված ուժերում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներին, որոնք ունեն պարգևավճարի իրավունք, սակայն չեն ստանում պետական կենսաթոշակ կամ նպաստ, պարգևավճար է նշանակվում առանց մասնակցության փաստաթուղթ ներկայացնելու։

զ) զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին պարգևավճար է տրամադրվում առանց մահվան փաստաթուղթ ներկայացնելու՝ եթե այդ տվյալները գրանցված են պետական կենսաթոշակային համակարգում և առկա են համապատասխան տեղեկատվական շտեմարանում։

Բացի դրանից, նախագծով առաջարկվում է կատարել նաև խմբագրական ճշգրտումներ՝ որոշման կառուցվածքը պարզեցնելու նպատակով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---