Դատախազությունը դեմ է ֆինանսների նախարարի նկատմամբ քրվարույթ նախաձեռնելուն․ Դիմել են վճռաբեկ![]() 13 մայիսի 2025 - 10:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ՝ բողոքարկելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու պարտավորեցման մասին: Այս մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը։ Factor.am-ի կողմից հրապարակված «Ո՞ւր է անհետացել Վահե Հովհաննիսյանի 1 մլն դոլար պարտքը․ նախարարի հայտարարագիրը թերի է» հոդվածում ներկայացված նյութերի հիման վրա դատախազությունն ուղարկել է ստուգման հանձնարարություն Հակակոռուպցիոն կոմիտեին՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված ընթացակարգով։ Այնուհետև նույն հրապարակման հիման վրա, ինչպես նաև Վահե Հովհաննիսյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա հակասությունների կապակցությամբ, մի շարք փաստաբաններ դիմել են ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով քրեական վարույթ սկսել Վահե Հովհաննիսյանի կասկածելի գործողությունների կապակցությամբ։ Փաստաբան Արա Զոհրաբյանը ապրիլի 3-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հրաժարվել է քրեական գործ հարուցել, Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ներկայացված բողոքները, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նույն օրը բեկանել է այդ որոշումը և նոր դատական ակտով պարտավորեցրել է վարույթի հանրային մասնակցին նախաձեռնել քրեական վարույթ։ «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գտել է, որ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացված հաղորդումը պատշաճ հաղորդում է, նշելով նաև հետևյալը՝ «ըստ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացվածի՝ «ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվելու (պետական ծառայության անցնելու) օրը՝ 18.08.2021թ., Վահե Հովհաննիսյանը ստացել է 1,000,000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն և 50,000 ԱՄՆ դոլար նվիրատվություն ու գնել «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը (քանի որ ըստ կանոնադրության՝ Ալլա Ավոյանը եղել է «Կարիտասի» տնօրենը, ենթադրվում է, որ գնել է հենց դրա 100% բաժնետոմսը): Ըստ 2021թ. հայտարարագրի՝ «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության բաժնեմասը պատկանում է Վահե Հովհաննիսյանին: 2022թ. հունվարի 10-ին «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերությունը վերակազմակերպվել է, վերակազմակերպվելուց հետո ընկերությունը դարձել է «ՋԻ Կոդեր» ՍՊ ընկերություն: Ընդ որում, Վահե Հովհաննիսյանի նույն տարվա հայտարարագրում նշված է, որ տարվա վերջում դեռ դրա բաժնետոմսը 1,050,000 դոլարի չափով մնացել է: 2023 հայտարարագրում այդ բաժնետոմսերն «անհետանում են»: – Ընկերությունը վերակազմակերպելուց հետո դրա 100% սեփականատեր է դարձել Ռուբիկ Արմենակի Կարապետյանը, որն ըստ երևույթին (հաստատապես չճշտված տվյալների համաձայն) Վահե Հովհաննիսյանի մորեղբայրն է»,- մեջբերել է Զոհրաբյանը։ Այս հանգամանքներից պարզ է դառնում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը չի կիսում նշված փաստերի իրավական գնահատականը և դեմ է Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաձեռնմանը։ Միաժամանակ նշվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նույնպես սկսել է ուսումնասիրել Վահե Հովհաննիսյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը՝ այդ շրջանակում անդրադառնալով նաև վերը նշված հրապարակմանը։ Հանձնաժողովը փոխանցել է, որ վերլուծության արդյունքում արձանագրվել են մի շարք անհամապատասխանություններ, որոնց վերաբերյալ նախարարից և նրա կնոջից պահանջվել են պարզաբանումներ։ Վերջիններս ներկայացրել են անհրաժեշտ բացատրություններ և հիմնավորող փաստաթղթեր։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է նախնական որոշումը և պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել, Հանձնաժողովը առայժմ ձեռնպահ է մնացել վերլուծության ամբողջական արդյունքների ամփոփումից և դրանց հրապարակումից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |