ՄԻՊ․ Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման հարցը մինչ օրս մնում է լուրջ մարտահրավեր

ՄԻՊ․ Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման հարցը մինչ օրս մնում է լուրջ մարտահրավեր

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ունեցած ելույթում հատուկ անդրադարձ է կատարել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության համակարգում առկա երկու առավել սուր խնդիրների՝ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման դեպքերին և ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների ապահովմանը։

Նա նշել է, որ այս երկու խնդիրներն արդեն երկար ժամանակ համարվել են մարդու իրավունքների ոլորտի ամենալուրջ հարցերից և մինչ այժմ շարունակում են պահպանել իրենց արդիականությունը, հայտնում է Արմենպրեսը։

«Ոլորտում ձեռնարկվող քայլերը, որոնց վերաբերյալ մենք ինքներս բազմապիսի պարզաբանումներ ենք ստանում գործընկերներից, ակնհայտ է, որ բավարար չեն եղել երաշխավորելու այս ոլորտի պատշաճ հասցեավորումը և սրա հետ կապված խնդիրների բացառումը Հայաստանի Հանրապետությունում, որովհետև բազմաթիվ են դեպքերը, երբ առնվազն մեր հաստատության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր են արձանագրվում և, բնականաբար, շատ կարևոր է, որպեսզի հնարավորություն ունենանք իրապես հաղթահարելու առկա խնդիրը, որը հասցեավորման մի քանի եղանակներ ունի»,–ասել է Մանասյանը։

Նա հատուկ շեշտադրել է հավաքների ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման գործելաոճը, որը, ըստ նրա, հանրության մեջ առաջացնում է լուրջ մտահոգություններ թե՛ կիրառման մեթոդների, և թե՛ դրան հաջորդող հիմնավորումների բացակայության պատճառով։

«Հանրությանը բավարար տեղեկատվություն չի տրամադրվում՝ կապված հատուկ միջոցների կիրառման կանոնակարգի, գործիքակազմի, հիմնավորումների հետ։ Եվ այս խնդիրը, կարծում եմ, ամենակարևորներից է, որը իրապես պետք է հասցեավորվի»,-ասել է ՄԻՊ–ը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---