Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլը

Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլը։

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերի ընդլայնման կարևորությունը՝ շեշտադրելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով։

Վարչապետն ասել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները հիմնվում են ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և գործընկերության սկզբունքների վրա, որոնց առանցքում են ժողովրդավարության ամրապնդումը և օրենքի գերակայության ապահովումը։

Գերտ Յան Կուպմանն իր կողմից բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան գործընկերային կապերը` նշելով․ «ԵՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր»։

Նա ընդգծել է վերջերս ՀՀ Ազգային ժողովում ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի դրական նշանակությունը։

«Դա կարևոր ուղերձ է, որը վկայում է Հայաստանի եվրոպական ընտրության անկեղծության և հետևողականության մասին»,–ասել է նա։

Կուպմանն ավելացրել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության կողմից վարվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը և պատրաստ է շարունակաբար օժանդակել այդ նախաձեռնություններին՝ ընդգրկելով բոլոր այն ոլորտները, որոնք նպաստում են երկրի կայուն զարգացմանն ու քաղաքացիական հասարակության ամրապնդմանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների ընթացիկ փուլը, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ընթացքը, ինչպես նաև տնտեսական և ոլորտային համագործակցության ուղղությունները։ Կողմերը անդրադարձել են թվայնացման, կանաչ էներգիայի, կրթական համակարգի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Զզրուցակիցները ուշադրություն են դարձրել նաև Բրյուսելում 2024 թվականին ներկայացված Դիմակայունության և աճի պլանի շրջանակում նախատեսվող 2025-2027թթ. միջոցառումներին՝ ընդգծելով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը վերաբերող խնդիրներին, հատկապես՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հետ կապված հարցերին։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է8 տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։

 Ուշագրավ
---