ՀՀ ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են գործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են գործակցության ընդլայնման հնարավորությունները

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 13-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի շրջանակում։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև բարեկամական կապերի ու արդեն ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացման նպատակով նախաձեռնվող նոր ծրագրերին։

Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը կարծիքներ են փոխանակել Եվրոպական միության և նրա անմիջական հարևանությամբ ընթացող զարգացումների վերաբերյալ։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով, որ Գործընկերության նոր օրակարգի ստորագրման գործընթացը դառնալու է կարևոր հանգրվան՝ ՀՀ-ի ու ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների ընդլայնման գործում։

Հայաստանի ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումները, որոնք ընթանում են աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։ Հարավային Կովկասում կայունության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկած քայլերը։

Նա ընդգծել է Հայաստանի հաստատակամությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցում։

 Ուշագրավ
---