Միրզոյանն ու ԵԽ հանձնակատարը քննարկել են առողջապահական համակարգում բարեփոխումների ընթացքը

Միրզոյանն ու ԵԽ հանձնակատարը քննարկել են առողջապահական համակարգում բարեփոխումների ընթացքը

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիիհետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Քննարկվել է առողջապահական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել նաև տարբեր պետություններում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի վիճակին և այդ ուղղությամբ Հայաստանի ստանձնած հանձնառություններին։

Հատուկ ուշադրություն է դարձվել մարդու իրավունքների ապահովմանը, ժողովրդավարական կառույցների կայունացմանն ու օրենքի գերակայության ուղղությամբ տարվող շարունակական քայլերին։ Կողմերը երկկողմ գոհունակությամբ ընդգծել են վերջին տարիներին Հայաստանում գրանցված նշանակալի առաջընթացը ժողովրդավարության խորացման հարցում, այդ թվում՝ խոսքի և մամուլի ազատության ոլորտում։

ՀՀ արտգործնախարարը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են նաև Եվրոպայի խորհրդի մի շարք կոնվենցիաներին Հայաստանի միանալու գործընթացը, ինչպես նաև այն քայլերը, որ ՀՀ կառավարությունն իրականացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի խնդիրների լուծման համար։

Արարատ Միրզոյանն և Մայքլ Օ’Ֆլահերթին նաև կարծիքներ են փոխանակել աշխարհաքաղաքական ներկայիս միտումների և տարածաշրջանային զարգացումների համատեքստում բազմակողմ ձևաչափերով համագործակցության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ կիրառման հնարավորությունների շուրջ։

 Ուշագրավ
---