Օսկանյան. Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն

Օսկանյան. Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն՝ «ընդունելով, որ պարզապես ապացուցեց իր անպատրաստ և անկարող լինելը, և միաժամանակ գիտակցելով՝ օրենքի առաջ պատասխանատվության կանչվելու անխուսափելիությունը»։

Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը, որը կարող է ուղղել իր սխալը։

«Ես կցանկանայի ներկայացնել նաև իմ պարզ, անկեղծ ընկալումը։ Նախ՝ ինձ համար աներկբա է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը։ Տարիներ շարունակ չարչրկվող վարկածները, թե նրա մեջքին ինչ-որ երրորդ «հզոր» ուժեր կային, որ տեղի ունեցածը դավարդրություն էր, իմ խորին համոզմամբ իրականության հետ կապ չունեն։ Իմ այս համոզմունքը բխում է այսպես կոչված «երրորդ ուժերի» հետ տարբեր մակարդակներում աշխատանքի և շփման տարիների փորձից։ Աշխարհը այդպես չի աշխատում։ Այն, որ տարբեր ուժեր ունեն մեր տարածաշրջանում տարբեր հետաքրքրություններ, նույնպես աներկբա է։ Բայց դրանից չի բխում, որ այդ տարբեր ուժերը միավորվել են, գտել են Փաշինյանին, նրանից սարքել են հեղափոխության առաջնորդ և շարունակում են նրան պահել իշխանության։ Այս անիրատեսական վարկածը անտեղի արժեվորում է Փաշինյանին։ Նրան իշխանության է բերել ժողովուրդը, որը կարող է ուղղել իր սխալը։

Ինձ համար, հետևաբար, աներկբա է նաև, որ ժողովրդի վստահության ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանը չի ունեցել երկիրն այս օրվան հասցնելու ցանկություն, առավել ևս՝ ծրագիր։ Հակառակը՝ կարծում եմ նա կուզենար այնպիսի ձեռբերումներ ունենալ, որոնք կստվերեին «նախկինների» ձեռքբերումները։ Այն միֆը, որ նա ինչ-որ ուժերի կողմից բերվել է Արցախը հանձնելու, Հայաստանը թուլացնելու և մասնատելու համար, նույնպես իրականության հետ աղերս չունի, և իմ այս համոզմունքը դարձյալ հիմնված է իմ դիվանագիտական փորձի վրա։ 2018-ին Փաշինյանը պարզապես պատրաստ չէր նման բարդ տարածաշրջանում պետություն ղեկավարելու մարտահրավերներին։ Նա անփորձ էր, անտեղյակ, ապաշնորհ, չէր տիրապետում միջազգային հարաբերություններին և դրա հետ մեկտեղ ավելորդ ինքնավստահ էր։ Նա տապալվել է հենց այս պատճառներով։ Որևէ այլ դավադրություն փնտրելն անիմաստ է և անպտուղ»,–գրել է Օսկանյանը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանն այսօր ակնհայտորեն գիտակցում է, որ իր տգիտության ու անկարողության հետևանքով հանգեցրել է մի իրավիճակի, որը ծանր հետևանքներ է թողել Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։

«Անընդունելի էր, որ նա՝ պատերազմից հետո, փոխանակ լքեր թատերաբեմը, որոշեց անցնել ինքնաարդարացման փուլին և ամեն անգամ փորձում է «նորարար» գաղափարներով «բացատրել» տեղի ունեցածը։ Սա ըստ էության ծուղակ է և արատավոր շրջան, որի մեջ ինքն իրեն գցել է Փաշինյանը։ Այն հանգամանքը որ նրա ամեն ասածը բխում է Ադրբեջանի շահից, դարձյալ, իմ համոզմամբ, ոչ թե դավադրություն է, այլ հենց այս արատավոր շրջանի հետևանք. Փաշինյանի կառավարման օրոք Հայատսնաի ազգային շահերն այնքան անպաշտպան են դարձել, որ դրանք պաշտպանելու ձևը չիմացող Փաշինյանը հարկադրված է հորինել հիմնավորումներ՝ իբր տեղի ունեցողը միակ իրագործելի տարբերակն է»,–ասվում է գրառման մեջ։

Օսկանյանը նշել է, որ Փաշինյանը չի կարող գտնել իրավիճակի շտկման ուղին, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ գիտելիք ու կարողություն։ Նրա կարծիքով, այս պայմաններում շարունակվելու է Փաշինյանի ինքնաարդարացման հռետորաբանությունը, որն էլ ավելի է խոցելի դարձնելու Հայաստանի վիճակը՝ բերելով անդառնալի կորուստների։

«Սա նշանակում է, որ Հայաստանին՝ արտաքին լրջագույն մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից ճնշումներին դիմակայելուն զուգահեռ սպառնում է իշխանության շարունակվող ուզուրպացիայի և քաղաքացիական լուրջ բախումների հեռանկարը։ Սրանից խուսափելու միակ եղանակը Փաշինյանի համար իշխանությունը «կենցա մահու» խնդրից ավելի ընդունելի ընտրության վերածելն է»,–նշել է նա։

Ըստ նրա, Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից, քանի որ չունի ոչ երկրի կառավարման ունակություն, ոչ էլ արտաքին ուժերի աջակցություն։

«Նա չի գիտակցում իր դերի պատասխանատվությունը, վերջին յոթ տարվա ընթացքում չի սովորել կամ զարգացել և դրսևորում է վարքի անհավասարակշռության նշաններ։ Նա անկարող է լսել, չի ընկալում խոսքի կշիռն ու նշանակությունը քաղաքականության և դիվանագիտության մեջ, ու դրա արդյունքում լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության, զարգացման, բարօրության և ազգային համախմբման համար։

Այսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն՝ ընդունելով, որ պարզապես ապացուցեց իր անպատրաստ և անկարող լինելը, և միաժամանակ գիտակցելով՝ օրենքի առաջ պատասխանատվության կանչվելու անխուսափելիությունը։ Ընդդիմությունն էլ պետք է ընդունի այս տարբերակը, քանի որ ցանկացած այլ ելք կվերածվի «կյանքի ու մահվան» երկընտրանքի՝ մեծացնելով Փաշինյանի կողմից իշխանության յուրացման գայթակղությունը և բարձրացնելով ներքին բախումների հավանականությունը,–ասվում է Օսկանյանի գրառման մեջ։

 Ուշագրավ
---