ԿԳՄՍՆ-ն դատապարտել է Մերձավանի դպրոցի միջադեպը․ Տնօրենի ԺՊ-ն կազատվի աշխատանքից

ԿԳՄՍՆ-ն դատապարտել է Մերձավանի դպրոցի միջադեպը․ Տնօրենի ԺՊ-ն կազատվի աշխատանքից

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն ատապարտել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։

Նախարարությունը հայտնել է, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։

«Ավելին՝ նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ օրենսդրական, ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։

Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային և բազմաշերտ խնդիրների մասին»,–ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՄԻՊ–ը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների կողմից պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ ատելության խոսքի լայն տարածմամբ: Միջադեպի առնչությամբ համացանցում շրջանառվել են նաև երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնց հետագա տարածումը կարող է թիրախավորել երեխաներին:

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ ծնողներ և աշակերտներ դպրոցի միջանցքում բարձր տոնայնությամբ մեղադրանքներ հնչեցնում ուսուցչի հասցեին։ Ծնողներն ու աշակերտները վարկաբեկող և վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ուսուցչի հասցեին։ Ծնողները դժգոհում են, ասելով, թե նա թուրքերին սիրելու քարոզչություն է անում, անպատվում է աշակերտներին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---